Արդեն քանի օր ա՝ իմ ընկերներից, կոլեգաներից շատերն ինձ հարցնում են՝ ես Բաղրամյանում չե՞մ։
Որոշեցի հրապարակավ որոշ հստակեցումներ անել թե՛ ինքս ինձ համար, թե՛ ընկերներիս։
Միանգամից ասեմ, որ հերթական դժվարամարս բանն եմ գրելու, բայց ուզում եմ հուսալ, որ գոնե փորձ կանեք զգալու-ընկալելու, թե ինչ եմ ասում, ու վստահ կլինեք, որ որևէ մեկին վիրավորելու որևէ միտում չունեմ։
էս շարժմանը մասնակցում են իմ հարյուրավոր, եթե չասեմ՝ հազարավոր ընկերներ։ մասնակցում են կինս ու Նարես։ Ես ինքս չեմ մասնակցում։ Իմ կողմից շաաաատ սիրված ու հարգված շաաաատ մարդիկ կան էսօր Հրապարակում, բայց ես ասում եմ, որ տեղի ունեցողն իրականում ողբերգություն ա։ Ինչո՞ւ եմ ես այդպես կարծում։ Եթե հետաքրքրում ա, փորձեմ բացատրել։
Ինչպես երթուղայինների ուղեվարձի ու դեմ.ամ-ի դեպքում, ես իմ պատվից ցածր եմ համարում փողի համար Հրապարակ դուրս գալը։ Ու սա կապրիզ չի. սրա հիմքում գործող հասարակությունների, պետությունների, մարդկության և իմ պատկերացրած իդեալի բախումն ա, հակասությունը։ էս շարժմանը փողոց ա հանել 7 դրամի թանկացումը։ էս մարդիկ, էս սիրուն ու պայծառ ջահելները Բաղրամյանը չէին փակել, երբ երկրում ընտրություններ էին կեղծվել, երբ Մարտի 1 էր արվել, երբ 100-ից ավելի քաղբանտարկյալ կար իրանց երկրում, երբ թալանվում էր բնությունը, և հանք հանքի հետևից, հող հողի հետևից, գետ գետի հետևից սեփականեցվում-վաճառվում-օտարվում էին, երբ մեր երկիրը քայլ առ քայլ օտար կապիտալին ու պետություններին էր զիջում իր տնտեսությունը, իր կրթությունը, իր քաղաքական ինքնուրույնությունը։ Էս ժողովուրդը Հրապարակում չէր և չէ, երբ անարդարություններ են տեղի ունենում, երբ բնությունը ոչնչացվում ա, երբ դե ֆակտո պատերազմը չի դադարում, ու սահմանին ամեն ամիս զոհ ենք ունենում, երբ մեր երկիրն ամեն ամիս դատարկվում ա, երբ սահմանամերձ գյուղերում երիտասարդ չի մնացել... Երբ կոռուպցիան համատարած ա ու ամենակուլ, երբ եկեղեցին սերտաճած ա աշխարհիկ իշխանությանն ու բիզնեսին, երբ նախագահ կոչվողը ստորագրում ա Ցեղասպանության թեման քննող պատմաբանների հանձնաժողով ստեղծելու որոշման տակ... Չշարունակեմ։
Բայց երբ խփում ես մեր քաղաքացու գրպանին՝ 50 դրամով, 7 դրամով... Նա հեղեղում ա մայրաքաղաքի փողոցները։ Չգիտեմ՝ ում ոնց, բայց ինձ սա նվաստացնում ա։ Ու քանի որ դուք, էրեխեք ջան, ընկերներ ջան, սիրելիներ ջան, մտել եք ՓՈՂԻ դաշտ, մտել եք ռեժիմի՛ դաշտ, դուք խաղում եք ի սկզբանե, ի բնե արատավոր դաշտում, ու չի կարող էդ արատավոր դաշտում լինել վեհության, արդարության, եղբայրության, ազատության հաղթանակ։ Մոռացեք դա։
Ռեժիմը, ՑԱՆԿԱՑԱԾ ռեժիմ, որ երկրում էլ լինի, որ դարում էլ լինի, ձգտում ա վերարտադրման։ Իրենք հիմա ձեզ փչացնում են, իսկ դուք դա չեք գիտակցում։ Իրենք ձեզ դարձնում են ԻՐԵՆՑ ՆՄԱՆ՝ նյութապաշտ, փողասեր, արատավոր... Դուք էդ խայծը կուլ եք տվել, ու ոչ մի լավ բան չի սպասվում ձեր շարժմանը։ Ավելին ասեմ՝ վաղը «տիրակալը» կասի՝ «սիրուն չի», ու մի 5 դրամի հետքայլ կանեն ու ձեր շարժումը կուղարկեն տներով. ձեզ կթվա, թե դուք հաղթեցիք, բայց դա կլինի ձեր ոչնչացումը՝ որպես արդարության, ազատության հնարավոր մարտիկներ։ Դուք կընդունեք ձեզ պարտադրված լուծումը, գոռալով, երգելով կցրվեք տներով, որպեսզի ձեր գլխի տակ դրված փափուկ բարձի վրա ննջեք, մինչդեռ ռեժիմը, ցանկացած ռեժիմ կշարունակի սպանել, պատերազմ հրահրել, ձեզ ուղարկել ճակատ, ոչնչացնել բնությունը, գողանալ ձեզնից ու ձեր ծնողներից, թալանել երկիրն ու ձեզ հասցնել արտագաղթելու... Ոչ մի էական փոփոխություն չի լինելու, քանի որ դուք ընդունել եք ռեժիմի արժեքը՝ փողը։ Քանի որ դուք խաղացել եք էն սցենարում, որը գծել են անհայրենիք, անարժեք, անմայր, անսրբություն, անաստված, անհոգի մարդիկ։
Հնարավո՞ր է արդյոք այլ սցենար։ Տեսականորեն՝ այո, գործնականում՝ գրեթե բացառված է։ Ինչո՞ւ։ Որովհետև մինչև մեզնից յուրաքանչյուրը չդառնա ավելի լավը, էս երկիրն ավելի լավը չի դառնալու։ Իսկ յուրաքանչյուրի տակ թե՛ դուք եք, թե՛ ոստիկանները, թե՛ բանակը, թե՛ հրաման տվողները, թե՛ պատգամավորները, թե՛ դատավորները...
Դուք հավատում ե՞ք մեր բոլորի հավաքական զարթոնքին։ Ես հավատում եմ, բայց դրա համար նախ պետք ա լքել արատի, փողի նեխած դաշտն ու կենտրոնանալ ինքներդ ձեզ վրա։ Յուրաքանչյուրն ինքն իրենից պիտի սկսի։
Քաղաքականացնելու մասին չեմ էլ ուզում գրել։ Դա էլ մի ուրիշ ծուղակ ա, քանի դեռ մեզնից յուրաքանչյուրն իր ներսում չի գտել ու չի փայփայել-ուժեղացրել Ազատ մարդուն։
Ահա թե ինչու ես թեթևակիորեն հետևում եմ տեղի ունեցողին, բայց ինքս ակտիվորեն չեմ ներգրավվում։ Չնայած Հրապարակում եմ առնվազն 2006-ից։
ՀԳ. Հետո չասեք, թե չէի զգուշացրել։