Նիհարիկ հարսնուկներ՝ թևերին պահած հրեղեն մանուկներ… Հանրահավաքի են: Միջին և ավագ տարիքը քիչ է. մեր երիտասարդությունն է տանտերը:
Սա Երրորդ շարժումն է: Սիրում եմ նրա հայկական գեղեցկությունը: Բայց գիտե՜մ. եղծ ուժը կես ճանապարհին կգրավի նրան և կտանի, կծառայացնի իրեն, եթե արթուն չլինենք…
Էսօր մի թունավոր նյութ հանդիպեց, ասում է՝ մեր երիտասարդները ծրագիր չունեն: Կունենան, հուսամ: Երեկվա շոու-բիզնեսի դեսանտը չեմ մոռանում: Սա է դեռևս «ծրագիրը»: Եվ կարծում եք՝ մի քաղաքական գործիչ գլխի ընկա՞վ, որ այս Շարժումն էլ կեղծվի: Հնչեց Հասմիկ Հարությունյանի ճիչը: «Ո՞վ կարող է կասեցնել անկախության, ազատության և իրավական պետության համար մղվոր սրբազան պայքարը»,-գոչում է Սարգիս Ալավերդյանը:
Որտեղի՞ց պիտի գա հետագա Ծրագիրը: Մշակույթի գործիչը, հայ գրագետը կարո՞ղ են: Այստեղ ասենք. արվեստը մարդուն կապում է Արարչի հետ: Լավ արվեստագետն իր գործով ապահովում է այդ ԿԱՊԸ: Սրանից հետո ուրիշ գործ է սկսվում: Կյանքի իմաստը, ազգն ու երկիրը, աշխատանքն ու օրենքը: Այստեղ արդեն փիլիսոփայի, իմաստը ձևավորողի գործն է: Արվեստագետն այստեղ չի լինում: Հիշում եմ՝ Հրանտ Մաթևոսյանը մի առաջաբան էր գրել Վանո Սիրադեղյանի «Ծանր լույս» գրքին և ի՞նչ էր ասում. Լևոնին, Վանոյին կոչում էր՝ վերադառնալ իշխանության: Մեր հանճարը մի միջակ քաղաքագետի իղձ էր արտահայտում: Արվեստագետը Պառնասում է, բայց Օլիմպոսը կարող է անմատչելի մնալ:
Ի՞նչ է ասածս. խնամել արվեստագետին, մշակույթի գորչին, բայց ավելին չպահանջել: Պայման ստեղծել նրա աշխատանքի համար, թող ապահովի մեր ԿԱՊԸ բարձրի ու վսեմի հետ: Բայց Ծրագիր չպահանջել: Ծրագրի ճանաչում նույնիսկ չպահանջել:
Խնդրենք մեր էությանը, մեր Արարչին՝ ԲԱՑԵԼ ՄԵՐ ԱՌՋԵՎ ԱՊԱԳԱՅԻ ԾՐԱԳԻՐԸ… Անփորձանք տեղ հասնենք, որ Նոր Հայաստանն է: