Ի դեպ, ասեմ, որ ի թիվս այլ բաների՝ սոցիալական այս բունտը գնալով ավելի հստակ է ցույց տալիս, թե ինչ տոտալ անվստահություն է վայելում կուսակցական համակարգը՝ անկախ նրանից, թե որքանով են դրանք ընդդիմադիր ու դիմադիր։
Դրա ամենավառ արտահայտումը մենք տեսանք ցույցը ցրելու հաջորդ օրը, երբ խորհրդարանական խմբակցություններ ունեցող մի շարք կուսակցությունները ներկայացան հավաքին։ Ու եթե ՀՀԿ-ն ստացավ, մեղմ ասած, ոչ փափուկ վերաբերմունք՝ Աշոտյանի ու Ֆարմանյանի տեսքով ներկայանալով, ապա ընդդիմադիրներն ու ոչ իշխանականները ևս առանձնապես ջերմ ընդունելության չարժանացան։
Ո՛չ Նիկոլը, ո՛չ Ժառանգության պատգամավորները, ո՛չ էլ ԲՀԿ-ականներն առանձնապես չառաջացրին ցուցարարների հիացմունքը. այն է, որ ի տարբերություն հանրապետականների՝ նրանց հասցեին չսկսեցին հայհոյանքներ վանկարկել։
Սա ցույց է տալիս, որ գործող կուսակցությունների համակարգն իրեն ամբողջովին սպառել է ու այլևս չի կարողանում հանդես գալ որպես ժողովրդական ներկայացուցիչ։ Մարդիկ չեն վստահում պոլիտիկաններին ու պոլիտիկներին և գերադասում են նույնիսկ անարխիան ավելի, քան ցանկացած ձևի քաղաքական միավորի առաջնորդություն։
Սա պետք է մտահոգիչ ազդակ լինի բոլորի համար, որովհետև եթե մյուս խորհրդարանն ամբողջովին չվերաֆորմատավորվի, ապա ժողովուրդը վերջնականապես կկտրվի քաղաքական համակարգից, իսկ դա հեղափոխության վերահաս առաջին նշաններից է։