Հնուց եկած կարծիք է` տղամարդն ու կինը մեկ ամբողջություն են: Նրանց համատեղությամբ է պայմանավորված կյանքի հետագա զարգացումը, այսինքն` ժառանգությունը: Այդուհանդերձ, մենք՝ որպես անհատներ, տարբեր ենք: Թեկուզ աշխարհընկալման տեսանկյունից: Ժամանակի հետ ընտանիք կազմելն ավելի է դժվարանում: Ստիպված ենք լինում միմյանցից սովորել և սովորեցնել միմյանց: Ոմանք կարողանում են, ոմանք էլ մի քանի անգամ ընտանիք կազմելուց հետո նախընտրում են ընտանի կենդանի պահել, որպեսզի պահպանեն առողջությունն ու նյարդերը: Իսկ ի՞նչ անեն նրանք, ովքեր շարունակում են պայքարել խաղաղ կեցության համար: Ահա մի քանի խորհուրդ այն կանանց, ովքեր շարունակում են ապրել մի արարածի հետ, որի անունը «սիրելի տղամարդ է»:
1. Ամեն անգամ վիճելիս հիշեք «Կախարդական ջրի» հեքիաթը և այն կնոջը, որ բերանում ջուր էր պահում, երբ ամուսինը կրկին փորձում էր նրան կշտամբել: Արդյունքում` ամուսինը հոգնեց ինքն իրեն խոսելուց և հանգստացավ: Մի՞թե սա խաղաղ կեցության օրինակ չէ: Երբեմն չցանկանալով հենց ինքներս ենք յուղ լցնում կրակի վրա: Միշտ հիշեք` հաճախ ավելի լավ է լռել, քան խոսել:
2. Եթե չի ստացվում առաջին ձևը, ապա հնարավորություն կա հետաձգել վիճաբանությունը, քանզի զայրույթի պահին մարդը կարող է ավելորդ բառեր ասել, և Աստված մի արասցե, վեճը կարող է ավարտվել ողբերգությամբ: Հետամուտ եղեք ինքնատիրապետմանը: Չէ՞ որ սառնասիրտ քննարկումն առավել ապահով ու անվտանգ է:
3. Եթե պատկերացնում եք, թե խոսքն ինչի մասին է, մտքում ձևակերպեք վեճի թեման, գուցե այդ ժամանակ դուք հասկանաք, որ վիճելու կարիք չկա:
4. Ձևակերպելով առկա խնդրի թեման` մի հեռացեք նրանից, մի հիշեք հին մեղքերն ու վիրավորանքները, այլապես ձեզ էլ դրանից բաժին կհասնի: Եթե շարունակեք հիշել հինը, ուրեմն ինքներդ եք ցանկանում սկանդալ սարքել: Մինչդեռ վեճի իրական պատճառը միանգամայն այլ է, կամ էլ այն ընդհանրապես բացակայում է:
5. Խնդրեմ, վիճեք: Սակայն ինչո՞ւ վիրավորել նրա ինքնասիրությունը. դա կնսեմացնի ձեզ: Մի՞թե դուք այդքան վստահ եք, որ լավն եք նրանից և իրավունք եք վերապահում քննադատել նրան: Դարձյալ ու դարձյալ մի՛ շեղվեք թեմայից:
6. Վերջ տվեք շարունակ խոսելուն: Առանց այդ էլ կանանց մասին անեկդոտներն ու ասացվածքները շատ – շատ են: Օրինակ` «շան հաչոցը կտրող»… Հետևապես շունչ քաշեք և թույլ տվեք՝ ձեր զուգընկերն էլ խոսի, վստահ եղեք, նա դա կգնահատի:
7. Փորձեք ձեզ դնել նրա տեղը և գտնել խելամիտ փոխզիջում: Մարդը միշտ կարծում է, որ ինքն է իրավացի, իսկ իրականն ու էականն անտեսվում է: Չէ՞ որ դեռևս հնարավորություն ունեք պարզաբանելու:
Դե ուրեմն` առաջ…
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/alvina.babayan/posts/3808816389694
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել