Հարգարժան պարոն նախարար, իմ հույսը կապելով Ձեզ հետ՝ խնդրում եմ հանձնարարել Սիսիանի զորամասի հրամանատարությանը՝ որդուս` Գևորգ Հովսեփյանի նկատմամբ կատարեն ճիշտ որոշում: Ես վեց երեխաների մայր եմ: Հայրենիքի պաշտպանության տարիներին, երբ երկիրը ամեն հայի կարիքն ուներ, իմ աղջիկը, զենքը ուսին, հազարավոր տղերքի հետ, տղերքի պես պայքարել է հանուն այսօրվա, հանուն մեր վաղվա օրվա համար, պայքարել է իր անունից ու իր երեք այն ժամանակ անչափահաս եղբայրների անունից: Այսօր եղբայրները հասունացել ու իրենք են բռնել հայրենիքը պաշտպանելու ուղին: Տղաներիցս երկուսը ծառայում են բանակում՝ պայմանագրային հիմունքներով: Երրորդ տղաս նույնպես որոշեց ծառայել, բայց….. Պարզվեց՝ բանակում էլ երրորդն ավելորդ է: Հոկտեմբեր ամսին եկավ հրամանը, որով որդիս` Գևորգ Հովսեփյանը, անցնում էր պայմանագրային զինծառայության Սիսիանի զորամասում: Մի քանի օր հետո որդուս ասում են՝ չես կարող անցնել ծառայության: Պարզաբանում են, որ ժամանակին թողել է ծառայությունդ, այդ պատճառով չի կարող:
Այսօր Սիսիանի զորամասում ծառայում են տասնյակ տղաներ, որոնք հեռացվել են բանակից, բայց ծառայում են այսօր: Մի՞թե դա կարող է հիմք հանդիսանալ, երբ զինկոմիսարիատում ընդունել են գործերը, հրաման տվող մարմինը թույլատրել է անցնել ծառայության, իսկ զորամասում մերժում են:
Այնուամենայնիվ, հույսս չեմ կորցնում եւ որպես վերջին հույս դիմում եմ Ձեզ, որպես մայր, որպես հայ կին խնդրում եմ Ձեզ հանձնարարեք՝ գործին ցուցաբերվի օրինական եւ մարդասիրական մոտեցում: Ի վերջո, որդիս էլ երկու անչափահաս երեխաների հայր է:
Մաղթում եմ Ձեզ մեծ հաջողություններ եւ մեծ հույսով սպասում եմ Ձեր արդար գործին…
Ռոզա Հովսեփյան
Սյունիքի մարզ, քաղաք Սիսիան
Իսրաելյան 63/5

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել