Վերջին օրերին, միմյանց հանդեպ հոգատարության, փոխօգնության դեպքերի ականատես լինելով, հուզվել ենք անչափելիորեն, երկինք հասել: Դա մեզ համար նորություն է, հեքիաթ: Մինչդեռ մենք հազարամյակներ հենց այդպիսին ենք եղել՝ հարուցելով աշխարհի զարմանքն ու նախանձը:
Հին արաբական «Իսկենդեր Զու-լ-Քրնեյն» ասքը պատմում է այն մասին, որ արաբների երկրից մարդ է գալիս Հայաստան մոտ երեք հազար տարի առաջ: Մի որոշ ժամանակ անց նա զարմացած հարցնում է տեղացիներին, թե բավականին շրջեց երկրում, բայց ոչ մի ոստիկան չտեսավ. ո՞ւր են նրանք: Հայերը պատասխանում են, թե իրենց ինչի՞ն է պետք ոստիկանը: «Ինչպե՞ս,-զարմանում է օտարականը,-որ բռնի գողերին, ավազակներին, կարգազանցներին»: «Բայց ինչպե՞ս կարելի է գողություն անել,- արձագանքում են հայերը,- երբ բոլորս միմյանց հանդեպ եղբայրների պես ենք ու հասնում ենք կարիքավորներին: Մեր հոգևոր հայրերը Բարձրյալից ստացել են ապրելու կանոնները և տվել մեզ, ու մենք էլ ապրում ենք այդ կանոններով, և մեզանից ոչ մեկի մտքով չի անցնում դրանք խախտել»:
«Հապա ո՞ւր են ձեր հարկահանները, նրանց էլ չտեսա»,- հարցնում է հյուրը: «Չունենք,- պատասխանում են հայերը,-մեր հոգևոր հայրերը մեզ ասել են, որ եկամուտից տասանորդ պիտի տանք մեր համայնքին, մենք էլ սիրահոժար տալիս ենք մեր զինվորների ու կարիքավորների համար և հարկահանի կարիք չունենք: Ինչպե՞ս կարելի է բերք թաքցնել եղբայրակիցներից»:
«Իսկ ո՞ւր են ձեր իշխանները, նրանց ինչ-որ չտեսա դրանիկներով շրջապատված` ձեր շեներում շրջելիս»,-հարցնում է հյուրը: «Բայց մեզ ինչո՞ւ են պետք իշխանները,-լինում է պատասխանը,- երբ չունենք ոստիկան, հարկահան և այլն. ի՞նչ պիտի անեն նրանք, երբ մենք ապրում ենք հոգևոր հայրերի տված կանոններով, ու կառավարելու հարցեր էլ չկան»:
Այնպես որ՝ Բաղրամյան պողոտայում ոչինչ արտառոց տեղի չի ունենում. մարդիկ պարզապես վերհիշում են իրենց խոր մոռացված անցյալը: Ու մեր խնդիրը պիտի լինի այնպես անել, որ այլևս չմոռացվի այն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10207482114914962&set=a.10200092231292490.2199637.1351196033&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել