Եթե տարիներ առաջ Վարդան Օսկանյանն ազատագրված տարածքներն անվանեց օկուպացված, ապա այժմ ադրբեջանական կայքին տված հարցազրույցում Տիգրան Խզմալյանը 1915 թվականի իրադարձությունները որակում է սոսկ որպես զանգվածային բռնություններ:
Հարցազրույցի յուրահատկությունը հենց դրանում է, որ կինոռեժիսորն օգտագործում է այն նույն տերմինալոգիան, ինչ թուրքական իշխանությունները: Նրանք էլ են համաձայն, որ Առաջին աշխարհամարտի ժամանակ կայսրության հպատակ ժողովուրդների նկատմամբ իրականացվել են զանգվածային բռնություններ, այդ իսկ պատճառով իթթիհադականների պարագլուխները թուրքական դատարանի կողմից ժամանակին հեռակա դատապարտվել են:
Եթե Օսկանյանի միջադեպը շփոթության արդյունք էր, ապա ինչպե՞ս մեկնաբանել Խզմալյանի հարցազրույցը, մի՞թե նա չի հասկանում, որ բռնություն և ցեղասպանություն տերմիններն ըստ էության տարբեր հասկացություններ են, մի՞թե չի հասկանում, որ 1915 թվականի իրադարձություններն անվանելով բռնություն՝ կրկնում է այն, ինչ արդեն հարյուր տարի պնդում են թուրքական իշխանությունները:
Անշուշտ, ցեղասպանությունը բռնություն է, իսկ բռնությունը կարող է և չլինել ցեղասպանություն: