Կիսաթանկարժեք քարերի շարքում, որոնք պատրաստ են իրենց արժեքով մրցել նույնիսկ ադամանդի հետ, առաջտար է համարվում ազնիվ (սև) ծիածանաքարը (օպալ):
Այս քարերի փայլն ու շքեղությունը հենց այն է, որ մուգ կապույտ հիմքի վրա տեսանելի են ծիածանի գրեթե բոլոր գույները: Հին արաբները համարում էին, որ ծիածանաքարը կայծակի ժամանակ երկնքից է ընկել:
Կան այս քարի բացառիկ տեսակներ, որոնց մեկ կառատը վաճառվում է 10 000 դոլարով: Սև ծիածանաքարի արդյունահանման 95 %-ը պատկանում է Ավստրալիային:
Ծիածանաքարը կամ օպալը հայտնի է մոտ 6000 տարի առաջ: Այն մեծ հարգանքի ու գնահատականի է արժանացել աշխարհի մեծահարուստների, թագավորների ու թագուհիների, առաջնորդների կողմից, սակայն միջնադարում համարում էին, որ այս քարն է ժանտախտի տարածման պատճառը: Այն համարվում էր անհաջողության և դժբախտության պատճառ: Այսպես օրինակ`Մարի-Անտուանետա կայսրուհին և նրա շրջապատը նախապատվություն էին տալիս օպալին, սակայն նրանց կյանքն ավարտվեց գիլյոտինի միջոցով, Նապոլեոնը Ժոզեֆինային նվիրել էր հենց օպալե զարդ` այդ ամուսնությունը ևս ավարտվեց ապահարզանով, Անգլիայի թագավոր Էդուարդ 7-րդը հրամայել էր թագի վրայի բոլոր ծիածանաքարերը փոխարինել սուտակով: Բելգիայի արքայադուստր Ստեֆանիան իր ամուսնու ինքնասպանությունից հետո հրաժարվել է բոլոր թանկարժեք ծիածանաքարերից:
Սակայն ժամանակի ընթացքում օպալի հանդեպ վերաբերմունքը փոխվեց: Սնահավատությունը, թերևս, տեղի տվեց: 19-րդ դարից օպալը դարձավ մոդեռն ոճի խորհրդանիշը, այդ մասին է վկայում Սառա Բեռնարի զարդը` պատրաստված Ռենե Լալիկի կողմից: Այսօր ծիածանաքարե թանկարժեք զարդերը նախընտրում են ոչ սնահավատ օլիգարխները:
Այսօր սև օպալի և art-nouveau-ի համադրությամբ է զբաղվում Boucheron նորաձևության տունը` մասնավորապես Dolce Riviera հավաքածուով:
Այս քարն իր բնույթով այնպիսին է, որ բնութագրելով նրա գունային խաղը կարելի է նույնացնել իմպրեսիոնիստական գունախաղի հետ, ուստի դիզայներներին մնում է միայն համապատասխան շրջանակ գտնել դրանց ողջ հմայքն ու փայլը պահպանելու համար:
Van Cleef & Arpels-ը համարձակ քայլ է արել` ներկայացնելով եթովպիական օպալը կամ ծիածանաքարը իր California Rêverie հավաքածուում:
Chaumet-ը ստեղծել է սպիտակ ոսկով և ավստրալական օպալով մատանի` շրջապատված ադամանդով և սաֆիրով: Ամերիկյան Tiffany & Co.-ն գտնում է, որ օպալը լավագույն մետաղին է արժանի` եզրագծելով այն պլատինե շրջանակով:
Սև ծիածանաքարը լայնորեն կիրառվում է նաև թանկարժեք ճարմանդների, ժամացույցների պատրաստման մեջ: Վերջինիս լավագույն օրինակ է Dior VIII Grand Bal Haute Couture-ը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/alvina.babayan/posts/3808841670326
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել