Ես հենց սկզբից կողմ եմ եղել էն մոտեցմանը, որ էս նոր ծավալվող շարժմանը ոչ ոք «մեծավարի» խորհուրդներ չտա, չմիջամտի, որ շարժումը ծավալվի ինքն իր բնականոն հունով ու հասնի այնտեղ, ուր հասնում է, բայց մի երկու բան էս պահին հասունացել է՝ առայժմ զուտ հոգեբանական, որովհետև տեսնում եմ, որ կրկնվող վարք է ու սխալ է:
1. Ոստիկանությունը որքան էլ այս պահին հարգալից ու մեղմ վարք է դրսևորում, միևնույն է՝ մնում է հետսովետական տիպական ոստիկանություն, որն առաջնորդվում է ոչ թե օրենքի տառով, այլ վերադասի հրահանգներով՝ անկախ դրանց իրավական հիմնավորումից: Այսինքն, եթե վաղը հրաման լինի ձեր գլուխը ջարդել, նա դա կանի առանց վարանելու՝ անկախ ձեր օրենք խախտել-չխախտելուց, ու անկախ ձեզ հետ ժպտադեմ խոսալուց: Սրանով ես նույնիսկ չեմ մեղադրում ոստիկանությանն, այլ փաստն եմ ներկայացնում՝ այդպիսին է համակարգը: Հետևաբար, եթե դուք այսօր ցույցի շարքային մասնակցին ոստիկանի «խաբար բզիկությամբ» պատրաստ եք հեռացնել ձեր շարքերից և առավել ևս ոստիկանին հորդորում եք՝ դո՛ւք հեռացրեք նրան այստեղից, դուք մեծ սխալ եք անում՝ պիոներական, եթե չասեմ՝ ավելի կոպիտ ձևով վարք դրսևորելով: Վաղը հենց ձեր գլխին ավելի ուժեղ կխփի նույն ոստիկանը՝ հենց ձեր դավաճանության պատճառով: Մի քիչ առաջ նման դեպք եղավ, դրա համար եմ գրում:
2. Շարժումն արդեն վաղուց դուրս է եկել նեղ շրջանակից, ծավալվել է, դառնում է զանգվածային: Իսկ դա նշանակում է, որ մանր խմբային հոգեբանությունը, աբիժնիկությունը, ինքնահաստատումը, արևելյան ոճի լոպազությունը (մենք աննախադեպ ենք, սաղ հներին կզցրած ունենք, մենք ընկճվող չենք և այլ մանկապատանեկան, եթե էլի դեռ ավելի կոպիտ չասեմ, դրսևորումները), անհամարժեք են իրավիճակին, թուլության նշան են և եթե դառնան տիրապետող, պարտության հիմք են: Սա լրիվ վստահ եմ ասում, որովհետև՝ 1. իրապես ուժեղը ոչ թե ժխտում, այլ ստեղծագործաբար յուրացնում է բոլոր նախկին փորձերն ու իրենն է համարում նույնիսկ այն, ինչ ինքը չի ստեղծել, 2. ի հեճուկս տարածված պատկերացումների՝ հասարակական և քաղաքական գործունեությունը ոչ թե անբարոյականություն է, այլ ճիշտ հակառակը՝ բարոյականություն, արժանապատվություն ու վեհանձնություն ենթադրող է: Հուսամ՝ նրանք, ում այս ոչ մեծավարի, այլ առայժմ ընկերական ու հարգալից խորհուրդս ուղղված էր, կհասկանան ու հետևություններ կանեն ոչ թե ի՛մ կամ մյուսի, այլ հենց գործընթացի հաջողության խաթր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ustahrant/posts/10207066091914958?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել