«Հայաստան» անվան մեջ մտնում էր մեր մայրենի բնօրրանում ապրող հայ ժողովուրդը՝ իր բնականոն կյանքով, չնայած նրան, որ չկար ազգային հայկական պետության: Մենք կորցրեցինք այն` շեղվելով մեր բնականոն կյանքի ընթացքից:
Անկախության սկզբնական շրջանում մենք վերագտանք մեզ: Հայ ժողովուրդը ոգեշնչվեց պետականությամբ, անկախությամբ և լիահույս էր իր հայրենի բնօրրանում ապրելու ապագայի նկատմամբ: Եվ հենց այդ ժամանակ մենք բեկում մտցրեցինք մեր պատմության մեջ՝ անհավանական հաղթանակ տանելով անհավասար պատերազմում: 
Այս ի՞նչ պատահեց, որ ներկայումս՝ շուրջ 20 տարի, ունենալով երկու հայկական պետություններ, տարեկան կորցնում ենք 100.000 բնակիչ, ի՞նչ է պատահել մեզ, որ չենք կարողանում ձևավորել հայ ազգի շահերից բխող պետական իշխանություն: 
Բոլորս, կարծում եմ, մտահոգ ենք և ինչ-որ չափով հասկանում ենք ժամանակի վտանգը և ծայրահեղ լինելը: Սակայն շարունակում ենք ընթանալ, համակերպված ապրել նույն արատավոր շրջապտույտում: Մեզանից շատերը շարունակում են լռեցնել արթնանալու և սթափվելու հրամայականը: 
Սակայն, այս ամենի հետ մեկտեղ, կան նաև քաղաքացիներ, ովքեր մերժողական վերաբերմունք են արտահայտում այս ստատուս քվոյի նկատմամբ:
Նրանք իրենց չեն պատկերացնում փոքրիկ, կախյալ պետության ուղղակի ինչ-որ իրավազուրկ բնակիչ, ում նկատմամբ իշխում են ինքնակալ նախագահը, մարզպետները, գլխավոր դատախազը, ոստիկանապետը, ԱԱԾ պետը, օլիգարխները և այլոք: Նրանք ազատամիտ քաղաքացիներ են՝ պատրաստ խախտել ներկայիս ստատուս քվոն, վերացնել ինքնակալ նախագահական համակարգը, հրաժարվել պետության կառավարմանը ցանկացած օլիգարխիայի մասնակցությունից:
Ազատամիտ քաղաքացիների բանակը, «Ժառանգությունը» և Րաֆֆի Հովհաննիսյանը ստատուս քվոյի խախտման և Նոր Հայաստանի հիմնադրման ճանապարհին, լինելով առաջատարը, հայտարարում են՝ պատմական իրադարձության հաստատման սկզբի համար առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ սպասարկելու են բոլոր գործընթացները ե՛ւ որպես զինվոր, ե՛ւ որպես առջնորդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել