Մեզանում յուրաքանչյուրն ունի իր աշխարհը, որտեղ ամփոփված են մեր նպատակներն ու իղձերը: Իսկ դրանց հասնելու, միջավայրում կայանալու և ինքնահաստատվելու համար նախ հարկավոր է աշխատանք գտնել, որն այսօր կարծես անհրաժեշտություն է դարձել յուրաքանչյուրիս կյանքում: Ինչպես գիտենք աշխատանքը գեղեցկացնում է մարդուն, սակայն դա պատճառներից վերջինն է, որը ստիպում է որևէ աշխատանք կատարել: Երբ երիտասարդը աշխատանք գտնելու նպատակով դիմում է որևէ կազմակերպության, նրանից մասնագիտական փորձ են պահանջում` չմտածելով, որ փորձ ունենալու համար նախ պետք է աշխատել: Արդյունքում աշխատանքի փոխարեն ունենում ենք հիասթափություն, իսկ աչքերում`ծրարված տխրություն ու վիշտ: Իսկ ահա ԱՄՆ-ում կամ Եվրոպայում կազմակերպությունները ձգտում են անփորձունակ կադրեր ընդունել: Իմաստը կայանում է նրանում, որ անփորձ կադրերը ավելի շուտ են սովորում և ինտեգրվում կազմակերպություն, քան այլ կազմակերպության կադրը, քանի որ վերջինս ունի այլ աշխատանքային էթիկա: Աշխատանք գտնելը շատ ավելի դժվար է հաշմանդամների համար, ովքեր ունեն առողջության հետ կապված որոշակի խնդիրներ: Մինչ այժմ գոյություն ուներ այն թյուր կարծիքը, թե հաշմանդամները լիիրավ հասարակական կյանքի ընդունակ չեն: Ներկայումս աստիճանաբար հաստատվում է հակառակ տեսակետը` կարողությունների որոշակի սահմանափակումներ ունեցող մարդը կարող է բավականին ակտիվորեն մասնակցել սոցիալական գործունեության բոլոր ոլորտներին: Հարկավոր է հնարավորություն տալ բացահայտելու կարողությունների սահմանը, որը երբեմն լինում է զարմանալիորեն ապշեցնող և գովեստի արժանի: Ամենակարևորը սերն է դեպի աշխատանքը, որը ստիպում է օգնել ու աջակցել դիմացինին`ջանք ու եռանդ չխնայելով: Հայաստանում հաշմանդամ երեխաների թիվն անհամեմատ մեծ է, բայց գրանցված են մոտ 8000-ը: Հաշմանդամություն ունեցող երեխաների մեծ մասը հանրակրթական դպրոց չի հաճախում: Չի հաճախում նաև բժշկական-վերականգնողական հաստատություններ, քանի որ այնտեղ հերթեր են: Ինչպես նաև ինքնուրույն շարժվելու խնդիր ունեցող երեխայի հարազատների համար գրեթե անհնար է ամեն օր կազմակերպել երեխայի տեղափոխությունը: Պետությունն էլ այս դեպքում շռայլ չէ, քանզի հաշմանդամ երեխայի նպաստը մոտ 18.000 դրամ է: Կարճ ասած, այն, ինչ մենք պետք է տանք հաշմանդամություն ունեցող մարդկանց, հատկապես երեխաներին, չենք տալիս, քանզի չկան հարմարություններ` հատուկ ճանապարհներ, հարմարեցված քաղաքային տրանսպորտ: Հայաստանում հաշմանդամ երեխաներ ունեցող ընտանիքների աղքատության մակարդակը 54 տոկոս է: Հաշմանդամություն ունեցող երեխաները շարունակում են մնալ հայ բնակչության առավել խոցելի և մեկուսացված խմբերից մեկը՝ բախվելով բազմաթիվ անհավասարությունների: Ինչպես գիտենք ապագան երիտասարդությանն է, սակայն եկող սերունդը չի կարող կերտել իր ցանկալի ապագան, որովհետև այսօր առկա են բավականին լուրջ աշխատանքային խնդիրներ, որոնք ենթակա են անհապաղ լուծման:
«ԷԽՈ» ՀԿ թիմը հավատում է վերոնշյալ խնդիրների մոտալուտ լուծմանը, որի համար հարկավոր է համատեղ ուժ և նպատակասլաց ոգի: Արդյունքի հասնելու համար պետք է շարունակ պայքարել, քանզի մենք գտնում ենք մեր կյանքում այն, ինչ ինքներս ենք նրանում ներդնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել