Երեկ ես ու դու, որ ֆեյսբուքյան մեր 5000 ընկերոջից զատ այլ երիտասարդի անուն չենք կարող մտաբերել, նայում էինք System-ի համերգն ու մտածում. «Լավ, Հրապարակում հավաքված այս երիտասարդները որտեղի՞ց առաջացան, որտե՞ղ էին ապրում նրանք, ի՞նչ արժեքներ են դավանում, որ կարողացան այսպես գալ ու իրենց մաքրությամբ ու էներգիայով մեկ օրով սրփել տանել այն ծանր օդը, որը մայրաքաղաքում կարծես մշտական էր հաստատվել։
Այսօր ես ու դու Բաղրամյանում նորից գտանք այդ երիտասարդներին ու ֆիքսեցինք, որ բոլոր նրանք, ովքեր տարիներ շարունակ «Էս երկրում ոչ մի բան չի փոխվի» նախադասությունն ասելու մեղք էին գործել, ոչ այս երկիրն են ճանաչում, ոչ էլ հասարակությանը զգալու շնորհ երբևէ ունեցել են։
Հիմա ես ու դու, որ հասցրել ենք հետևել, ուսումնասիրել, չափել, գնահատել, վարկաբեկել, կամ գովել այս շարժումը, վերջապես հասկացանք, որ այսօր պայքարող երիտասարդները միֆ չեն, ուժ են, շատ են, վառ են ու պայքարի ոգի ունեն։
Ես ու դու ֆիքսեցինք նաև, թե որքան վարկաբեկված է մեր քաղաքական ուժերի մեծամասնությունը ու որքան անճարակ ու խղճուկ են մեր քաղաքական գործիչների զգալի մասը։ Ես ու դու հասցրեցինք ծիծաղել նրանցից շատերի վրա, ծաղրել շարժումն իրենցով անելու նրանց դատապարտված փորձերը ու անկեղծորեն զարմանալ այն մարդկային որակների վրա, որը մարդուն թույլ է տալիս առանց դեմքը ծամածռելու ուրիշի էներգիայով ստեղծված ալիքի վրա բազմելու հավակնություն ներկայացնել։
Ես ու դու հետևեցինք ու զարմացանք «իշխանականի» համարում ունեցող մարդկանց վրա, ովքեր դրոշակը վերցրեցին, նախորդ տարիներին իրենց ասած բոլոր խոսքերը մոռացան, փողոց դուրս եկան ու հուսացին, որ ես ու դու էլ իրենց հետ այդ խոսքերը մոռացանք։ Ես ու դու քմծիծաղ տվեցինք, երբ տեսանք, թե ինչպես են այլ իշխանականներ շարժման ահագնացմանը զուգընթաց փոխում իրենց հռետորաբանությունը ու ինչպես է նախորդ օրը շարժումը քննադատողը այսօր Բիբինին թիրախ դարձնում։
Ես ու դու չուրախացանք, երբ տեսանք տեսախցիկների համար միմոսություններ անող մարդկանց, չուրախացանք, երբ տեսանք նրանց, ովքեր մեկ սելֆիի համար եկել էին Բաղրամյան։ Հետո չուրախացանք, երբ տեսանք նրանց հասցեին քննադատություն նրանցից, ովքեր պարզապես PR-ի այլ ձև էին ընտրել։
Ես ու դու տխրեցինք ոստիկանության հաստատակամ կոպտությունից ու չհասկացանք նույնչափ հաստատակամ ներողությունը։
Ես ու դու տարակուսեցինք օրհնված սապոգով մեր ավագ ընկերոջ ջղաձիգ արձագանքներից ու անգամ ամենառուսամետների մոտ կասկած նկատեցինք, որ ավագ ընկերը առանց վարանելու մեզ մատաղ կանի, երբ իրեն պետք գա։
Եվ իհարկե ես ու դու վերջնականապես հասկացանք, որ ամեն ինչի համար միշտ էլ կարելի է պայքարել։ Անգամ երբ քո առաջ մի ամբողջ պետական մեքենա է կանգնած։