Քաղաքացիական հասարակություն ասվածը հենց այն է, ինչի առարկայական դրսևորումներին մենք ականատես ենք լինում այս օրերին՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ նախաձեռնված բողոքի ակցիաներին (հանրահավաք, երթ, նստացույց և այլն): Մարդիկ արտահայտում են իրենց ու հասարակության մեծ մասի դժգոհությունը սակագնի թանկացման դեմ` թեկուզ տարերայնորեն, բայց իրացնելով իրենց անհամաձայնության իրավունքը: Այս հարցում, վստահ եմ, շատ քչերը կարող են առարկություններ ունենալ: Սակայն որևէ քաղաքացիական շարժման համար մեծ մարտահրավեր է քաղաքականացվելուց զերծ մնալն ու տարաբնույթ պրովոկացիաներին չտրվելը: Այս իմաստով չափազանց կարևոր է Շարժման պահանջների հստակ սահմանումը, քաղաքական բնույթի կարգախոսներից հրաժարումը, տարբեր քաղաքական ուժերի կողմից Շարժման առաջնագծում հայտնվելու հավակնությունները մերժելը: Եթե այս խնդիրները չեն լուծվում կարճ ժամանակահատվածում, Շարժման իրական տերերը դառնում են բոլորովին ոչ նրանք, ովքեր բարի նկատառումներով կազմակերպել են բողոքի ակցիաները: Սա առաջիկա օրերին «Ոչ թալանին» քաղաքացիական շարժման համար մեծ փորձություն է լինելու, որին երիտասարդները պետք է դիմագրավեն իրենց սկզբունքային դիրքորոշումներով և գործողություններով: Ողջունելի է, որ այս առումով արդեն իսկ մեկ կարևոր քայլ արվել է` Շարժումը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հստակ ձևակերպել է իր հիմնական պահանջները: Սպասենք մյուս ողջամիտ քայլերին...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gerasimbarseghyan/posts/499816150172386?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել