Քանի որ պատային վիճակ է, մի բան ասեմ։ 
Ուրեմն կարելի է, միգուցե նաև անհրաժեշտ է, սկսել գործընթաց՝ վերանայելու ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ օրենքը։ Մասնավորապես՝ այդ օրենքում կա հակասահմանադրական հոդված, ու պետք է դիմել Սահմանադրական դատարան։

«Հոդված 12. Հանձնաժողովի իրավական ակտերի բողոքարկումը

1. Հանձնաժողովի իրավական ակտերը կարող են բողոքարկվել դատական կարգով:
2. Հանձնաժողովի սահմանած սակագնի մեծությունը դատական կարգով կարող է բողոքարկվել սակագնի մեծությունը սահմանող հանձնաժողովի իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից` 7-օրյա ժամկետում:»

Ուրեմն արդարդատությունը չի կարող սահմանափակվել նման ժամկետով։ Պրակտիկ տեսանկյունից սա նշանակում է, որ հանձնաժողովը կարող է ընդհանրապես արհամարհել էներգետիկայի մասին օրենքը, սակագնի հաշվարկի հիմքերը, թքել ամեն ինչի վրա ու ինչ սակագին ուզել՝ հաստատել։ Ու եթե յոթ օրն անցավ, վերջ՝ որոշումն անբեկանելի է։

///////////
«Հոդված 12 ... Օրենքների խախտման փաստի առկայության դեպքում դատարանն ընդունում է հանձնաժողովի կողմից սակագնի սահմանման մասին նոր որոշում ընդունելու առաջարկության վերաբերյալ վճիռ ....

... Հանձնաժողովը քննարկում է դատարանի վճիռը և ընդունում համապատասխան որոշում: ...»

Իսկ այս դրույթը միանշանակ հակասահմանադրական է, ու ուզում է ասել, որ հանձնաժողովն ասվելի վեր է, քան դատական իշխանությունը։

Համաձայն Սահմանադրության «Հոդված 91. Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

Դատարանի վերջնական ակտերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության անունից:»

Այսինքն՝ դատարանի որոշումը չպիտի քննարկվի, այն պետք է կատարվի։ ՀՀ անունից որոշումը եթե քննարկվում է, ստացվում է, որ Նազարյանի հանձնաժողովը Հայաստանից վեր է։

Հ.Գ.
Ու ընդհանրապես, կարգավորման ոլորտը խայտառակություն է ոտից գլուխ, այնտեղ պաշտպանված են բոլորի շահերը՝ բացի սպառողներից, մինչդեռ այդ մարմինը ստեղծվել է ուղիղ հակառակ իմաստով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել