Հոսանքի թանկացման դեմ ակցիան շարունակվում է: Եթե գլոբալ նայենք, ապա կարող ենք փաստել, որ այսօր տիրում է որոշակի անորոշություն: Պայքարի իրական կազմակերպիչներն այլևս առաջնագծում չեն: Առհասարակ, այս պահին դժվար է ասել, թե կոնկրետ ովքեր են ղեկավարում ցույցը, կամ ընդհանրապես կա՞ն արդյոք ղեկավարներ, թե՞ ոչ: Այնուամենայնիվ, դեռ շուտ է ինչ-որ եզրակացություններ անել. իրադարձությունների հետագա զարգացումներն ավելի կհստակեցնեն պատկերը:
Ինչևէ, ուզում եմ խոսել մեկ այլ կարևոր փաստի մասին: Այս երկու օրերի իրադարձությունները չէին վրիպել միջազգային հանրության աչքից:
Երեկվանից ռուսական, ուկրաինական լրատվական դաշտում պարբերաբար հայտնվում են նյութեր՝ կապված Երևանում տեղի ունեցող դեպքերի հետ: Պետք է ասենք, որ զուգահեռներ են անգամ տարվում մայդանում տեղի ունեցած իրադարձությունների և Երևանում հոսանքի դեմ պայքարի միջև:
Ինչ խոսք, փաստերն ու իրադարձությունները խեղաթյուրվում են, և այդ փաստից օգտվում է նաև ադրբեջանական քարոզչամեքենան:
Այս իրադարձությունների ֆոնին բավականին արտահայտիչ ընդգծվում են արտասահմանում ապրող մեր հայության կողմից կազմակերպվելիք ակցիաները: Ինչպես տեղեկանում ենք, Գլենդելի և Թբիլիսիի հայությունը մտադիր է անցկացնել բողոքի ակցիաներ՝ ընդեմ Հայաստանում հոսանքի թանկացմանը:
Առանց այդ էլ այս մի քանի օրերի ընթացքում ինֆորմացիոն պատերմազմ է տեղի ունենում հայկական տեղեկատվական պլատֆորմում: Մի կողմից ադրբեջանական բարբաջանքներն են, մյուս կողմից կիևյան մայդանների մասին խեղաթյուրված հոսքերն են:
Պետք չէ հապճեպ որոշումներ կայացնել:
Բոլորը պետք է հասկանան, որ սա այն թեման չէ, որ համարենք՝ ճնշում է գործադրվում իշխանությունների վրա: Դրսից կազմակերպող ակցիաներն այլ երանգ են հաղորդում սոցիալական խնդիրներին: Բացի դա, Հայաստանի դեմ ուղղված ակցիաները ճեղքեր են առաջացնում ոչ թե իշխանության մեջ, այլ պետության:
Կարծում եմ` դրսի հայությունն իր ռեսուրսները լավ կլինի օգտագործի Ցեղասպանության ճանաչման, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի համատեքստում: Այսինքն՝ բոլոր ռեսուրսները կարելի է ծառայեցնել Հայաստանի համար լոբբի իրականացնելու համար, այլ ոչ թե այս ակցիային աջակցություն հայտնելու: