Երեկ Բաղրամյան պողոտայում, անկեղծ ասած, իմ ակնկալած էներգետիկան չկար. առավել գերակշռում էր շշուկների մակարդակով հնչող անհամաձայնությունը և անվստահությունն այս կամ այն ակտիվիստի և գործչի նկատմամբ: Ընդհանուր առմամբ չի կարելի ասել, որ սա անկանխատեսելի իրավիճակ էր, որովհետև փոքրաթիվ խմբով շարժում ձևավորած երիտասարդները հայտնվել են իրադարձությունների առանցքից դուրս մղվելու և որոշումներ կայացնելու իրավունքից զրկվելու փաստի առաջ:
Քաղաքական և քաղաքացիական շարժումներ կանոնակարգելու փորձ չունեցող երիտասարդներից նախաձեռնությունը խլելը տարբեր մանիպուլիացիաների միջոցով, անշուշտ, շատերի համար այդքան էլ խնդրահարույց չէ, եթե հաշվի առնենք, որ նման ակցիաները ցանկացած տականքի ու սադրիչի հնարավորություն են տալիս ազնիվի ու հայրենասերի դեմքով տարրալուծվելու զանգվածներին և աստիճանաբար հոսանքներն ուղղորդելու դեպի իրենց ցանկալի հուն: Իսկ այն, որ երեկ այդպիսի «ազնիվների» ու «հայրենասերների» պակաս չէր զգացվում, անզեն աչքով նկատելի է:
Եվ, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, մասնատված շարժումներն արագ մարելու հարցում մեր իշխանությունները հավասարը չունեն և կարողանում են շատ արագ օգտագործել այսրոպեական հիասթափություններն ու խորացնել ճեղքերը: Ինչի՞ համար կրկին կիրառել բռնի ուժ, եթե կարելի է գրպանային ընդդիմադիրներին ու փորձված, հնամաշ ակտիվիստներին նետել դաշտ՝ հարամելու ամեն մի լավ բան, ինչն անգամ չկարողացան կասեցնել ջրցաններով ու ոստիկանական այլ ուժերով:
Ակնհայտ է, որ շարժումն ունի լրջագույն հաջողություններ արձանագրելու բացառիկ հնարավորություն, ստիպել է բոլորին հաշվի նստել իր հետ և գնալ շարժման հետևից, սակայն, ցավոք, այն փոշիացնելու տխուր փաստից հինգ է պակաս:
Այնպես որ, նախաձեռնող խմբից այս պահին մեծ ջանքեր են պահանջվում՝ ներքին տարաձայնություններն արագ հարթելու, անհաղթահարելի տարաձայնություններն առկախելու, շարքերը մաքրելու, հիմնական խնդիրների շուրջ կոնսենսուս ձևավորելու և միկրոֆոնները միանձնյա կառավարելու հարցերում:
Ինքս, ինչպես արդեն նշել եմ, ոչ մի կերպ չեմ խցկվելու որոշումների կայացման դաշտ և այս շարժման կողքին լինելու եմ որպես ՀՀ շարքային քաղաքացի և փորձելու եմ օգնել ուժերիս ներածի չափ: Հաճախ ինքս ինձ բռնացնում եմ ամեն հարցին չափազանց սառը մոտենալու մեջ, ինչը միգուցե բիզնեսում և մենեջմենթում անխոցելի հատկանիշ է, սակայն շարժումներում էմոցիայի բացակայությունը միգուցե սպանի շարժումը...
Թերևս այսքանը՝ շարժումը պահպանելու մտահոգությամբ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել