Ամեն ինչին կողքից հետևել եմ։ Հա, կողքից, որովհետև, չհաշված 100 դրամի ակցիան, շատ լավ ծանոթ եմ՝ ինչ ա կատարվում նմանատիպ միջոցառումների ժամանակ։ Թող ինձ ներեն բոլոր ակտիվիստները, բայց կար կոնկրետ մի զանգված, ով դուրս էր եկել փողոց ոչ թե պայքարելու, ոչ թե ինչ-որ կոնկրետ նպատակին հասնելու համար, այլ հենց ընենց, հավեսի համար։ Ու շատերը հպարտանում էին ոչ թե նրա համար, որ պայքարում են ինչ-որ ազնիվ նպատակի համար, այլ որ քաղմաս են ընկել։
Ես կգնայի, երբ լիներ ծրագիր, լիներ գործողությունների հերթականության պլան, նախագիծ։ Երբ իմանայի՝ քայլերն ուր են տանելու։ Բայց ի՞նչ պլանի մասին կարելի ա խոսել, երբ կազմակերպիչներից մեկը քառասուն րոպեից ավել չէր կարողանում ամբոխին համոզել ընդամենը մի քանի քայլ հետ գնալ։
Մեկ էլ, եթե չեմ մոռացել, մեր բոլորի գերագույն ու միակ նպատակն այն էր, որ հոսանքի գինը չթանկանա։
Բայց մարդիկ, գնալով ցույցի, և, ինչու չէ, նստելով համակարգչի առաջ, տուրք են տալիս իրենց ամբիցիաներին․ «ԹՈՂ ԻՆՔԸ ԳԱ, ԱՍԵԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԻ»։ Իսկ եթե գնայիք, ու ամեն ինչ լիներ այնպես, ինչպես մենք ենք ուզում, մտածե՞լ եք։ Եթե-ն միշտ կա, չէ՞։ Ախպեր, մեր ուզածը չէր ասի, պտտվեիք, հետ գայիք։ Ամբոխն ի՞նչ կապ ունի, ուզում ա, թե չէ, եթե էդ ամբոխը չի էլ լսում՝ ինչի մասին ա խոսքը գնում, այլ ուղղակի գոռում ա կամ սկսում երգել էն ժամանակ, երբ ակցիայի գուցե ամենակարևոր հարցն ա քննարկվում։
Ես ՀՀԿ-ական չեմ։ Բայց սխալ էր նաև Աշոտյանին վիրավորելը՝ որպես մարդ, որպես տղամարդ։ Նման ակցիաներում աղջիկները, չգիտես ինչի, միանգամից մոռանում են, որ աղջիկ են, տղաներն էլ մոռանում են, որ աղջիկների մոտ հայհոյել չի կարելի։ Էլի եմ ասում. բան կասեր սխալ, բան կաներ, ինչ պետք ա՝ կասեիք, կանեիք էլ։
Էն լուսավոր բանը, որ կար էս ամեն ինչի մեջ, կամաց-կամաց մարում ա, եթե դեռ չի մարել։
Բայց սենց ամեն օր էլ հանրահավաք լինի, բան չի փոխվելու, որովհետև ժողովուրդն ինքը չգիտի՝ ինչ ա ուզում, բոլորը լիդեր են խաղում, ու բոլորը խուսափում են պատասխանատվությունից։
Դե հիմա հանգիստ ինձ դարձրեք ազգի դավաճան։