Ոչ մի ռուս, ամերիկացի, վրացի, իրանցի, լեհ, չեխ, ուկրաինացի, առավել ևս թուրք և հատկապես ադրբեջանցի փորձագետ, վերլուծելով Հայաստանում ներկայիս իրավիճակը, չի խոսելու կամ գրելու կամ ելույթ ունենալու իմ, քո, մեր՝ հայերիս, քաղաքացիներիս շահերից, իր թե՛ գովեստի, թե՛ քննադատության հետևում հաստատ բազում այլ շերտեր, ենթատեքստեր, պատվերներ, ՊՌ-ներ, գումարներ, շահեր, շահերի բախումներ են թաքնված: Եվ ես, չգիտես ինչու, դեռ զարմանում եմ, թե ինչպես եք դուք, հարգելի մամուլ, այսպիսի իրավիճակում, որը ո՛չ առաջինն է, ո՛չ վերջինը, էլի ու էլի դնում, վերլուծում, և, օ Աստված իմ, բառ առ բառ թարգմանում է ադրբեջանական քարոզչամեքենայի/մամուլի ծնած իբր թե վերլուծական հոդվածներն ու իբր թե գլուխգործոց մտքերը Երևանում ցույցերի, ոստիկանների բռնությունների և քաղաքացիների պահանջների մասին: Դրանով դուք նախ ցույց եք տալիս.
1. էնքան չկանք, որ մի հատ նորմալ մամուլ չունենք, որ հավատանք, ստիպված գնացել Vesti.az ենք թարգմանում։
2. էնքան է իջել մեր մակարդակն ու մեր հասարակությունը, որ նման լարված իրավիճակներում ադրբեջանական մամուլի կարիքն ունի:
3. էնքան է իջել մեր մակարդակն ու մեր հասարակությունը, որ նման լարված իրավիճակներում ադրբեջանական մամուլի գովեստին, ուղղորդմանը, խորհուրդներին կամ քննադատությանն է կարոտ: 
4. ադրբեջանցիներին վճարում են հենց նրա համար, որ նման իրավիճակներում մենք իրենց գրածները կարդանք, ցիտենք, քննարկենք: Դուք փաստորեն օգնում եք, որպեսզի իրենց գրպաններն արագ լցվեն:
Ոչ մի, հասկանում եք, ոչ մի ադրբեջանցի լրագրող, անգամ սուպերընդդիմադիր, երբևէ ի խորոց սրտի չի կարեկցի ծեծված հայ ցուցարարին և երբևէ ողջ հոգով ու սրտով չի քննադատի բռնություն կիրառած հայ ոստիկանին: Էդ ցուցարարին եթե հասկանանք ու գնահատենք, միմիայն մենք ենք անելու, իսկ էդ ոստիկանին որ քննադատենք ու փորձենք բերել ճիշտ ուղու, էլի մենք ենք անելու: 
Իսկ առհասարակ, հալալ ա, հալաալ մեր նոր սերնդին, դուք ուժեղ եք, մաքուր, ազնիվ, ամուր, ապրեեեք...
‪#‎ոչթալանին‬‪#‎ոչթանկացմանը‬
Իսկ ահա ադրբեջանցիները թող կորչեն գրողի ծոցը, մենք ունենք այնքան կամք ու քաջություն, որ կարող ենք պայքարել մեր իրավունքների համար, դուրս գալ փողոց, ինչը, ցավոք, տարիներով քարոզչության, վախի, սարսափի, ահաբեկման, շանտաժի պարբերաբար ներարկման հետևանքով ադրբեջանական հասարակության մոտ իսպառ կամ մեծամասամբ բացակայում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել