2013 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած ժամանակաշրջանը նշանավորվեց նրանով, որ երկրում՝ հանուն իշխանափախության փողոցում մղվող քաղաքական պայքարն աննկատ փոխարինվեց տարրական կեցության գոնե եղած մակարդակն ու որակը պահպանելուն միտված սոցիալական բողոքի զանգվածային գործողություններով: Այսինքն՝ եթե մինչ այդ խնդիրը ոչ-լեգիտիմ իշխանության հեռացումն էր, ապա քաղաքական գործընթացների նենգափոխման արդյունքում տեղի ունեցավ իշխանության որոշակի լեգիտիմացում, որովհետև եթե մարդիկ դիմում են ինչ-որ մի ատյանի՝ իրենց կողմից բարձրացված խնդիրները լուծելու պահանջով, ապա դրանով իսկ կանխավ օրինական են ճանաչում տվյալ պետական մարմնի ցանկացած որոշման օրինականությունը: 2013 թվականի արդեն ապրիլ-մայիս ամիսներից սկսած քաղաքական պահանջները փոխարինվեցին սոցիալական բնույթի պահանջ-խնդրագրերով, իսկ քաղաքական ուժերն էլ ասպարեզը զիջեցին քաղաքացիական հասարակություն անվանվող հասարակական ակտիվիստների խմբակներին: Այս ընթացքում բողոքի ակցիաներ կազմակերպվեցին հասարակական տրանսպորտի ուղեվարձի, Մաշտոցի պուրակի ոչնչացման և գազի գնի թանկացման դեմ, բողոքեցին տաքսիստներն ու նաիրիտցիները՝ բարձրացնելով իրենց օրինական իրավունքների ապահովման խնդիրն, իսկ այժմ էլ էլեկտրականության սակագնի ավելացման դեմ ընդվզած երիտասարդ ակտիվիստների պահանջները կասեցվեցին ոստիկանական հատուկ պատժիչ գործողության միջոցով: Քաղաքացիական հասարակության ակտիվիստների վերը թվարկված բողոքների միակ արդյունքը գրանցվեց հասրակական տրանսպորտի ուղեվարձի թանկացումը և Մաշտոցի պուրակի կառուցապատումը կասեցնելու պարագայում, բայց դա այն «հաղթանակներն» էին, որոնք իշխանությունը հոժար եղավ «նվիրելու» հանրությանը՝ «նախագահական ընտրություններ» կոչված համապետական միջոցառման թողած դառը նստվածքը չեզոքացնելու նպատակն ունենալով: Կարելի է համարել, որ այսօր առավոտյան ցուցարարներին
ոստիկանության հատուկ միջոցներով ցրելու գործողությունը համարյա ուսումնական վարժանք էր ոստիկանների և լուրջ փորձառություն երիտասարդ ակտիվիստների համար, ովքեր իրենց առաջին մարտական մկրտությունը ստացան հետագա ավելի լուրջ հետևանքներով հղի բախումներին ընդառաջ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.melikyan.33/posts/631776596958035?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել