karen petrosyanGalatv.am-ը գրում է.

Այսօր լուսադեմին Գյումրու Թատերական հրապարակից ոստիկանության Կումայրի բաժին բերման ենթարկվեցին խաղաղ նստացույց իրականացնող ու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող 13 ակտիվիստ: 4-5 ժամից ավելի ոստիկանության բաժանմունքում աշխատանքներ էին տարվում, եւ ինչպես ոստիկաններն էին փոխանցում տարածքում հավաքված լրագրողներին, նյութեր էին նախապատրաստում:

Բերման ենթարկվածներից առաջինն ազատ արձակվեց ակտիվիստ Տիգրան Պետրոսյանը, ով մեզ հետ զրույցում փոխանցեց, թե ըստ ոստիկանների՝ իրեն բաժին բերման են ենթարկել խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննելու նպատակով:

Նշենք, որ ոստիկանության  Կումայրի բաժնի դիմաց հավաքվել էին մեծ թվով գյումրեցիներ, ովքեր պահանջում էին անհապաղ ազատ արձակել արդարացի պահանջով խաղաղ նստացույց իրականացրած գյումրեցի ակտիվիստներին: Բերման ենթարկված, ապա ազատ արձակված Հայկ Բարսեղյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ոստիկանության այսօրվա գործողությունները որեւէ կերպ չեն կարող խոչընդոտել, որպեսզի ՀՀ քաղաքացին շարունակի իր պայքարը:

Ամենավերջում ազատ արձակվեց ակտիվիստներից Կարեն Պետրոսյանը, ով ոստիկանության բաժնում պահվեց շուրջ 7 ժամ: Նա մեզ փոխանցեց, որ ինքը խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ներգրավվել է որպես կասկածյալ: Սակայն ցուցմունք տալուց հրաժարվել է: Ակտիվիստին ազատ են արձակել՝ որպես խափանման միջոց կիրառելով ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին: 7 օրվա ընթացքում պարզ կդառնա՝ վերջինիս նկատմամբ մեղադրանք առաջադրվելո՞ւ է, թե՞ ոչ:

«Վստահաբար ապօրինի գործողություններ են կատարվել: Ես պարոն Վովա Գասպարյանին հրավիրում եմ Գյումրու Յոթվերք եկեղեցի աղոթելու, խոստանում եմ 5-8 ժամ, մի ամբողջ գիշեր իր հետ խոկում անցկացնել, իրար հետ աղոթենք հայ  ազգի համար ու նաեւ «պաստառճղյան» ոստիկանապետերի ու նմանների համար»,- նշեց Կարեն Պետրոսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել