Առավոտվա դեպքերի կապակցությամբ պարտքս եմ համարում աջակցության և շնորհակալության խոսքս ուղղել ողջ ակտիվ երիտասարդությանը: Բոլոր այն երիտասարդները, որոնք առավոտյան ծեծ կերան ու վրայից ոստիկանական ջրի շիթեր խմեցին, դա անում էին այդ թվում նաև ձեզ համար ու մեր բոլորի փոխարեն: Հասկանալի է, որ ամեն մարդ իր տեղում պետք է պայքարի, ու որ բոլորը չեն, որ կարող են առավոտյան 6-ին Բաղրամյանի վրա լինել: Բայց դա չի փոխում այն փաստը, որ այդ երիտասարդները մեր փոխարեն ու մեր «փայ» անմնացորդ պայքարում են: Հարցը նրանում է, թե մենք ինչով եք զբաղված մեր տեղերում: Ցավով պիտի նշեմ, որ ինչպես ոստիկանության, այնպես էլ հանրահավաքի մասնակիցները չէին տիրապետում օրենսդրությունից մեջբերվող մասերի իրական բովանդակությանը, իմաստին, քանի որ իմաստը մեջբերվող հոդվածը չէր, այլ իրավահարաբերությունները և դրանց կարգավորման ընթացքը: Ոստիկանն ուժի տեսակետից չունի և չի կարող ունենալ իրավունքներ, նա ունի միայն պարտականություններ: Պետականաշինության 24 տարիներն ավելի քան բավարար պիտի լինեին ոստիկանությանը՝ հասկանալու համար, որ այն լոկ հրամանի պարագայում ուժ գործադրելու մարմին չէ, այլ առաջին հերթին հասարակության ցանկացած անդամի իրավունքների պաշտպանության համար ստեղծված ծառայություն: Ծառայություն, որի խնդիրն է անձի կյանքի և առողջության, իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի պաշտպանությունը՝ օրինականության, անձի իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության սկզբունքների վրա: Ծառայություն, որը պետք է համագործակցի այդ նույն հասարակության հետ: Ծառայություն, երբ իրավունքների և ազատությունների սահմանափակման ցանկացած դեպքում ոստիկանները պարտավոր են անմիջապես ներկայացնել սահմանափակման հիմքերը, բացատրել քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները: Ցավոք, առավոտյան այնպես ստացվեց, որ երևաց ոստիկանության իրական դեմքը, այն է՝ «եթե մենք մեր վերջին մի քանի օրվա դերասանությամբ չենք կարողանում ձեզ համոզել, ապա մենք ցույց կտանք մեր իրական դեմքը»: Այսպես՝ ծեծի ենթարկվեցին, առևանգելու ակնհայտ ոճով ոստիկանության բաժիններ քաշ տրվեցին բազմաթիվ քաղաքացիներ: Ծեծվեցին ու նույն բախտին արժանացան նաև բազմաթիվ լրագրողներ, որը պարզապես անհանդուրժելի է: Ոչնչացվեց կամ վնասվեց նրանց գույքը: Արդյունքում, ցավոք, մեր ոստիկանության քիչ թե շատ բարձրացող վարկանիշն իջավ ու կշարունակի իջնել հանրության շրջանում, քանի որ ներկայացված պահանջները ցանկություններ չէին, այլ անօտարելի կարիքներ: Ոստիկանության գործողությունները հիշեցնում էին հասարակությանը բիրտ ուժով պարզապես վախեցնելու քաղաքականություն, որը հղի է հստակ և տեսանելի վտանգներով: Չէ՞ որ վախեցած քաղաքացին ոչ միայն այլևս չի կիսվի կամ համագործակցի, ինչպես, օրինակ, վերջերս էր, այլ կասկածի կենթարկի ոստիկանության ցանկացած գործողություն՝ նաև ակամա բորբոքելով քաղաքացիական անհնազանդության հայտնի էլեմենտները, որոնք քայքայիչ են հենց պետության համար:
Ի՞նչ անել այս պարագայում: Միանշանակ կերպով կարող եմ ասել՝ ինչ չի կարելի անել: Չպետք է բորբոքել հասարակության առանց այդ էլ գերլարված ու գերմաշված նյարդերը և չնչին հնարավորությունները: Պետք է վերջ տրվի առկա գիշատիչ ֆիսկալ քաղաքականությանը: Ցանկացած էլեմենտար հաշվարկ ցույց կտա, որ այս պարագայում վնասներն անհամեմատ ավելի մեծ են լինելու, քան նախատեսված օգուտները: Փոխանակ մերժեք հանրության լեգիտիմ պահանջները, կարծես դրանք չկան էլ, փորձեք ձև գտնել դրանց բավարարման համար, քանի որ, նորից եմ կրկնում, ներկայացված պահանջները ցանկություններ չեն, այլ առաջնային և անվերանայելի կարիքներ:
Հ.Գ. 1. Հալալ է մեր երիտասարդությանը: Ցանկացած մեկս նախանձում ենք ձեր ոգուն, ու շատերս ձեզ հետ ենք: Կեցցեք!
Հ.Գ. 2. Կուսակցությունների դիրքորոշումը՝ հեռու մնալ քաղաքացիական հասարակության նման ինքնաբուխ հավաքներից, մեծ մասով արդարացված է, որը, սակայն, իր գինն ունի, քանի որ ցանկացած հանրահավաք կամ գործողություն կարիք ունի փորձառու առաջնորդման, ինչի պակասն այս երկու օրը հաստատ զգացվել է, և պիտի տանի բանակցությունների, որի հնարավորությունը նորից է բացվելու, և որից հրաժարումը վնաս է ողջ հասարակությանը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=848600505189485&id=100001186291818&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել