Խիստ մտահոգված լինելով այսօր Երևանի կենտրոնում տեղի ունեցած դեպքերով, ինչպես նաև դրանց հետևանքով հարյուրավոր խաղաղ ցուցարարների, այդ թվում նաև՝ լրագրողների նկատմամբ Ոստիկանության կիրառած անհամաչափ ֆիզիկական ուժի և ակտիվիստներին պատճառած մարմնական վնասվածքների կապակցությամբ՝ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը սեփական նախաձեռնությամբ վարույթ է հարուցել:

Լուսադեմին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ Օմբուդսմենը հարցադրումներ է ուղղել Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին, Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին: 

Հաշվի առնելով խնդրի հրատապությունը՝ հարցադրումներին պատասխանելու համար սահմանվել է նվազագույն 3-օրյա ժամկետ:

Ըստ գրության` զանգվածային լրատվության միջոցներում լայնորեն տարածված տեսագրությունների ուսումնասիրության արդյունքում առերևույթ իրավաչափության խնդիր է առաջանում Ոստիկանության ծառայողների` մի շարք քաղաքացիների նկատմամբ իրականացրած գործողությունների վերաբերյալ:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությանը, կիրառված ֆիզիկական ուժին և ցուցարարներին հասցրած մարմնական վնասվածքներին, հավաքը ցրելուն ուղղված գործողությունների իրավաչափությանը, Ոստիկանության ծառայողների՝ քաղաքացիական հագուստով գործելու և ակտիվիստների նկատմամբ ուժի կիրառման, ինչպես նաև մի շարք քաղաքացիների հասցեին հնչեցրած հայհոյանքների օգտագործման դեպքերին:

Ոստիկանության և ՀՔԾ-ի գրություններում անդրադարձ կա բազմաթիվ լրագրողների նկատմամբ կիրառած բռնության, լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտման, Ոստիկանության ծառայողների կողմից նրանց տեսանկարահանող սարքերի վնասման ու ոստիկանական բաժիններ լրագրողներին բերման ենթարկելու իրավաչափության հարցերին:

Առողջապահության նախարարին հասցեագրված գրության մեջ անդրադարձ կա ակտիվիստների նկատմամբ առաջին բժշկական օգնության ոչ պատշաճ ցուցաբերման դեպքերին:

Օմբուդսմենը և իր աշխատակազմը շարունակելու են ուշադրության կենտրոնում պահել միջադեպի հետ կապված բոլոր գործերը և իրենց լիազորությունների շրջանակներում գործադրել հնարավոր բոլոր միջոցները՝ պաշտպանելու խաղաղ հավաքի մասնակիցների և լրագրողների իրավունքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել