Երկու օր առաջ մի տղայի հետ ծանոթացա Ազատության հրապարակում: Նա ավարտել էր «ֆիզմաթ» դպրոցը և սովորում էր, կարծեմ, տնտեսագիտական համալսարանում: Նա մոտեցավ ինձ և հարցրեց. «Պարոն Բաղդասարյան, ես հաշվարկել եմ, թե ինչու հոսանքի գինը չպետք է թանկանա, ժամանակ ունեք, նայեք»: Ես համաձայնվեցի, և նա իր «այփադով» ցույց էր տալիս իր հաշվարկները: Նա ներկայացնում էր, թե ինչպես է ռուսական կողմը ձեռք բերել ՀԷԿ-ը, ինչպես են մսխվել գումարները, ինչպես են ֆինանսավորվել որոշ պաշտոնատար անձանց կանանց բարեգործական ծրագրերը, որոնց գումարներն այսօր գանձվում են մեզանից: Նրա հաշվարկները բավականին մանրամասն էին կատարված, իսկ ես հոգնած էի, պայմանավորվեցինք նորից հանդիպել, որ ես ավելի մանրամասն նայեմ: Այսօր այդ տղայի հետ հանդիպեցի ՀՀ ոստիկանությունում, որտեղ ես գտնվում էի մի այլ քրեական գործով, իսկ այդ տղային բերման էին ենթարկել: Ես մոտեցա ոստիկանին՝ պարզելու, թե ինչու են բերման ենթարկել այդ տղային: Երբ ես հանդիպեցի այդ տղայի հետ, նա նույն՝ շատ հանգիստ ձևով հարցրեց ինձ. «Հնարավո՞ր է՝ Դուք այսօր լինեք Ազատության հրապարակում, որ ես ներկայացնեմ ամբողջ հաշվարկներս»: Ես այսօր հրավիրված էի մի միջոցառման, բայց այդ տղան այնքան համառորեն էր ուզում՝ ես նայեմ իր հաշվարկները, որ պատասխանեցի` այո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել