Անչափ ցավում եմ լուսադեմին կատարվածի համար։ Ես մինչև վերջ հույս ունեի, որ հնարավոր կլինի խուսափել ուժային սցենարից, բայց ավաղ... Սակայն կարծում եմ, որ պետք է այս իրավիճակից հետևություններ անեն ոչ միայն ցուցարարները, այլև իշխանությունները, ու հետևությունները պետք է տանեն ոչ թե կոնֆրոնտացիայի ավելի մեծ խորացման, այլ ընդհակառակը՝ կոնսոլիդացման, ու կոնսոլիդացումը պետք է լինի քաղաքացիական հասարակության ու պետական համակարգի միջև։
Ի վերջո, քաղաքականությունը հնարավորի արվեստն է, ու եթե հնարավոր է ինչ-որ բանից քաղաքական օգուտ քաղել ու ծառայեցնել այն ընդհանուր շահին, ուրեմն պարտավոր ենք օգտվել դրանից։ Ու, ելնելով սրանից, կարող եմ ասել, որ այժմ կա ռեալ հնարավորություն միավորվելու ու արդար բողոքի այս ալիքն ուղղելու ոչ թե իրար դեմ, այլ ընդդեմ մեզ հարստահարող օտարերկրյա ընկերությունների, որոնք մոնոպոլիզացրել են երկրի՝ ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտները։
Կարծում եմ, որ իշանությունները ռեալ շանս ունեն գլխավորելու այս ալիքը ու, հենվելով ժողովրդի լայն աջակցության վրա, բարձրացնելու նույն ՀԷՑ-ի ազգայնացման հարցը, ու դա առնվազն կստեղծի նախադեպ ու հստակ մեսիջ կլինի Հայաստանում գործող, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ բեսպրեդելով զբաղվող օտարերկրյա ներդրողների համար էներգետիկ ոլորտում, հանքարդյունաբերության ոլորտում, բանկային ոլորտում և այլն։
Սա, իրոք, եզակի պատմական շանս է թե՛ իշխանությունների, թե՛ ժողովրդի համար, որը թույլ է տալիս Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության 24 տարիների ընթացքում արված ամենածանր սխալները շտկել, բայց, կրկնում եմ, դա հնարավոր է միայն այն պարագայում, եթե առճակատման գնալու փոխարեն միավորվելու եզրեր գտնվեն իշխանությունների ու ժողովրդի միջև։