Փորձեմ սառը, առանց էմոցիաների մի քանի նկատառումներ անել: Որևէ մեկին դասեր չեմ տալիս, դրա իրավունքը չունեմ, իմ նկատառումներն եմ ներկայացնելու, սակայն չեմ ուզում լսել նաև մարազմատիկ մեկնաբանություններ, որոնցից իսկապես հոգնել եմ:
Նման լուրջ գործողությունից առաջ, երբ մարդկանց ուղղորդում ես նախագահական նստավայրի մոտ, հարկավոր է ունենալ հստակ սցենարներ: Դիցուք՝ դիտարկենք չորսը.
ա) պարտադրել հանդիպում, որտեղ, օգտագործելով փողոցում սպասող մարդկանց քանակը, պարտադրում ես բանակցություններ և զիջումներ։
բ) գնում ես գրավելու նախագահական նստավայրը և փոխելու երկրի իշխանությունը։
դ. հայտարարում ես, որ չեք հեռանալու այդտեղից, քանի դեռ Սերժ Սարգսյանը/Ռոբերտ Նազարյանը/Բիբինը կամ այլք հրաժարական չեն տվել...
դ. շարժվում ես նախագահական նստավայր, հանձնում պահանջագիրը և մատնանշում ժամկետ՝ սպառնալով, ասենք, իքս օրվանից համապետական գործադուլի կոչեր ու կազմակերպում, եթե սակագնի բարձրացման հարցն արդար քննության չառնվի (ի դեպ, ըստ իս՝ սա պայքարի ամենաարդյունավետ մոդելն է)...
Ա կետը մերժվեց ի սկզբանե, չնայած ցուցարարներին կարծես թե հաջողվել էր պարտադրել, որ հաշվի նստեն իրենց հետ: Բ կետի խնդիր դրված չէր հավանաբար, որովհետև ցույցը խաղաղ էր և կրում էր բացառապես սոցիալական շեշտադրումներ: Գ կետը նույնպես բացառվում է, որովհետև անընդհատ շեշտադրվում էր, որ ակցիան քաղաքական բնույթ չի կրում, հետևաբար քաղաքական պահանջներ դրված չեն: Դ կետի մասին խոսելն ավելորդ է, որովհետև բացի չթանկացնելու պահանջից՝ գործողության այլ ծրագիր չկար:
Եվ ամենակարևորը՝ ցանկացած հավաքի կազմակերպում, այդ թվում երկրի գլխավոր պողոտայի փակումը, մշտապես հղի է ոստիկանության հետ բախման հեռանկարով: Ի դեպ, դա ամբողջ աշխարհում է այդպես: Հետևաբար անհրաժեշտ է որոշ սցենարներ ֆիքսել նման դեպքերի համար.
ա. մասնակիցների այնպիսի քանակ, որի դեպքում իշխանությունն ուժ կիրառելու ռիսկ չի ունենա...
բ. նման քանակի բացակայության դեպքում պետք է թիմակիցներին նախապատրաստել, որ որևէ պահից սկսած՝ առանց ոստիկանության հետ որևէ կոնտակտի պետք է հետ քաշվել իքս կետից զեթ կետ, որովհետև սրա այլընտրանքն անիմաստ բախումներն ու ֆիզիկական բռնություններն են։
գ. սա մեր մշտական հիվանդությունն է դարձել, երբ ակցիաներ անելիս մեր հույսը դնում ենք ոստիկանների բարեգթության ու, այսպես ասած, ժողովրդին միանալու հավանականության վրա: Չի լինում այդպես ու չի լինելու երբեք...
դ. պետք է հստակ ֆիքսել, որ մեր ազատություններն ու հասարակական կարգի պահպանությունը հաճախ հակասության մեջ են միմյանց հետ: Ակցիաների ժամանակ պետք է մի քանի պարզունակ կանոններ քարոզել մասնակիցներին, որոնք տեղավորվում են օրենքի և բանականության սահմաններում...
Հա, վերջում մի բան. էն որ համընդհանուր խլեշում եք ոստիկաններին, որոնց հրաման էին տվել ցրել ցույցը, ինչը և արեցին, միշտ հիշեք՝ Սերժը տեսնում և ուրախանում է:
Իրական մեղավորները վայելում են, իսկ մենք փնտրում ենք կեղծ քավության նոխազներ...