Տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցների քննարկումների կիզակետում է հայտնվել կառավարության հերթական նախաձեռնությունը, որով առաջարկվում է ՀՀ պետական պարտքը բաժանել երկու մասի՝ Կառավարության և Կենտրոնական բանկի:
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին այս փաստը խիստ զայրացրել է. «Կառավարության առջև նոր պարտք ներգրավելու լայն հորիզոններ են բացվում, դա ՀՀ-ի սնանկացման քաղաքական ծրագիր է»:
ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանին էլ անհանգստացրել է այն, որ «Պետական պարտքից ԿԲ պարտքի տարանջատման արդյունքում խաթարվում է պարտքային մեխանիզմը, քանի որ պարտքային քաղաքականությունը փոխկապակցված է»:
Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանի գրասենյակի ղեկավար Թերեզա Սանչեսը, սակայն, այլ կարծիք ունի: Նա գտնում է, որ պարտքի տարանջատումը շատ էական է թափանցիկության համար, ինչն արվել է շատ երկրների օրինակով, և ապա տարանջատումն ամենևին էլ չի խանգարում Հայաստանի պարտքը դիտարկել որպես մեկ ընդհանրություն:
Ինչ վերաբերում է նոր վարկեր ներգրավելուն և դրանով իսկ ՀՀ պետական պարտքը վտանգավոր սահմանին հասցնելուն, ԱՄՀ պաշտոնյան ասել է, որ Հայաստանի համար կարևոր է ունենալ վստահելի միջնաժամկետ ֆիսկալ ծրագիր և պետական բյուջեի դեֆիցիտի նվազեցման ծրագիր:
Եվ քանի որ Հայաստանը նման ծրագրեր ունի, ապա միջազգային ֆինանսական կառույցները, այդ թվում՝ Արժույթի միջազգային հիմնադրամը երաշխավորում են նոր վարկեր տալու գործընթացը:
Ի դեպ, տիկին Թերեզա Սանչեսը փոխել է նաև Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ իր կողմից ամիսներ առաջ արած մռայլ կանխատեսումը: Սպասվող ցուցանիշներն այլևս բացասական չեն երևում, իսկ ավելի ճշտգրիտ կարտահայտվի սեպտեմբերին՝ լրացուցիչ ուսումնասիրություններից հետո:
ԱՄՀ Հայաստանի գրասենյակի տնօրենը դրական փոփոխությունների սպասելիքները պայմանավորել է Ռուսաստանում նավթի գների կայունացմամբ և շինարարության ծավալներով, իսկ որ առավել կարևոր է՝ ՀՀ կառավարության վարած տնտեսական քաղաքականությամբ, ինչը կնպաստի, որ «Հայաստանի տնտեսությունը Ռուսաստանի տնտեսական շոկերից քիչ տուժի»: