Շատ քիչ մարդիկ են դեռևս կյանքի օրոք արժանացել արձանի: Այդ քչերից մեկն էլ մեծանուն շանսոնյե, երգահան, դերասան Շառլ Ազնավուրն է: Նրա արձանը գտնվում է Գյումրիում: Գյումրի այցելող զբոսաշրջիկների ճնշող մեծամասնությունը շտապում է Շառլի արձանի մոտ: Ու ի՞նչ է տեսնում: Գյումրվա գրեթե բոլոր թռչունները հասցրել են իրենց կարիքները հոգալ արձանի վրա: Հայ ազգի մեծագույն բարերարներից մեկն այսօր կանգնած է Գյումրիի կենտրոնում՝ կեղտոտ ու անմխիթար:
Երևի սա է պատճառներից մեկը, թե ինչու չի կարելի կյանքի օրոք արձան կանգնեցնել:
Եթե այսօր Շառլը կանգնի իր արձանի դիմաց, ապա, կարծում եմ, նրա ծեր սիրտը չի դիմանա նման տեսարանի:
Ամոթ է, Գյումրիի հարգելի՛ քաղաքապետ: Ես դեռ լռում եմ քաղաքի փողոցներում մետրոյի մուտքի նմանվող փոսերի մասին, բայց նման վերաբերմունքը նման մեծերի հանդեպ ուղղակի աններելի է և ամոթալի: