ԱՄՆ նավատորմի «Փոկեր» (Navy SEALs) հատուկ ջոկատի 7 անդամներ՝ ներառյալ մեկը, որը մասնակցել է Օսամա բին Լադենի ոչնչացման գործողությանը, պատժվել են գաղտնի տեղեկություններ բացահայտելու համար, հայտարարել է նավատորմի հատուկ ռազմավարական հրամանատարության փոխհրամանատար դերծովակալ Գերի Բոնելլին:

«Փոկերը» մեղադրվում են «Medal of Honor: Warfighter» համակարգչային խաղի ստեղծողներին գաղտնի տեղեկատվություն տալու համար: Ջոկատի եւս չորս մարտիկի վերաբերյալ նմանատիպ այլ խախտումների կասկածանքով հետաքննություն է վարվում:

Պատժված 7 փոկերը ստացել են գրավոր նկատողություն և 2 ամսով աշխատավարձի մասնակի կրճատում: Սովորաբար այսպիսի նկատողությունները բացասական ազդեցություն ունեն զինվորականի կարիերայի վրա:

Դերծովակալ Բոնելին ասել է. «Մենք չենք հանդուրժում շեղումներ այն օրենքներից, որոնցով առաջնորդվում ենք»։ Նա շեշտել է «փոկերի» ստորագրած տվյալների չբացահայտման վերաբերյալ համաձայնագրի կարևորությունը: Ըստ նրա՝ այս շաբաթվա պատժամիջոցները «հստակ ուղերձ են մեր ամբողջ զորքին, որ մենք ունենք և պահպանելու ենք պատասխանատվություն բարձր չափանիշ»։

Մեղադրանքները եղել են այն, որ խաղի ստեղծմանը մասնակցելու համար նրանք հրամանատարությունից թույլատվություն չեն հարցրել և որ խաղի ծրագրավորողներին ցույց են տվել հատուկ իրենց զորամասի համար պատրաստած ռազմական տեխնիկայի օրինակներ:

Razm.info մեկնաբանություն. անկախ ամեն ինչից՝ այս պատմությունը լավ գովազդ կլինի համակարգչային այս խաղի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել