Pastinfo.am-ը գրում է.

Ազգային ժողովն այսօր շարունակեց կառավարության նախաձեռնությամբ հունիսի 15-ից հրավիրված արտահերթ նստաշրջանի աշխատանքը:
 
Միաձայն՝ 104 «կողմ» ձայներով, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ուրբաթ օրը քննարկված «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Ըստ այդմ՝ մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ն երկարաձգվում է երկրապահ կամավորականի կարգավիճակ ստանալու համար ՀՀ կառավարության կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողով դիմում ներկայացնելու ժամկետը:
 
Ժամկետի երկարաձգան անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2015թ. մայիսի 10-ին լրացել է երկրապահ կամավորականի կարգավիճակ տալու համար դիմում ներկայացնելու` օրենքով սահմանված վերջնաժամկետը, որն օրենքի համաձայն նախատեսված էր մեկ տարի` սկսած ՀՀ կառավարության կողմից միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու պահից:
 
Ըստ կառավարության ներկայացրած տեղեկանքի՝ մինչ այժմ, մեկ տարվա գործունեության ընթացքում, «Երկրապահ կամավորականի» և «Մարտական գործողությունների մասնակցի» կարգավիճակ է տրվել թվով 3 210 անձանց:
 
Մինչև «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքի ընդունումը, ՀՀ պաշտպանության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություններում, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության համակարգերում գործող ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տվող գերատեսչական հանձնաժողովների որոշմամբ, «Մարտական գործողությունների մասնակցի» կարգավիճակ է տրվել 8 777 ՀՀ քաղաքացիների: 
 
Կանխատեսումների համաձայն՝ «Երկրապահ կամավորականի» կամ «Մարտական գործողությունների մասնակցի» կարգավիճակ ստանալուն կարող են հավակնել ՀՀ մինչև 15 հազար քաղաքացիներ:
 
Նշենք, որ այսօր ընդունվեցին նաև ուրբաթ օրը քննարկված մեկ տասնյակ նախագծեր, վավերացվեց 2015 թվականի մայիսի 19-ին Մոսկվայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման մասին համաձայնագիրը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել