Պետք է նշեմ, որ ես ի սկզբանե դեմ էի Բաքվի խաղերին մեր մասնակցությանը, որովհետև մեր ոխերիմ հարևանները միլիոնավոր դոլարներ էին ներդրել այս միջոցառման մեջ, որպեսզի այն վերածվեր Ադրբեջանի դրական քարոզի և մեր մասնակցությամբ, մենք միայն նպաստելու էինք դրան։
Սակայն, արի ու տես, որ հարևաններն արեցին հենց այն միակ բանը, որը կարող էր փչացնել իրենց փիառը ու դեռ մի բան էլ նպաստեր մեզ։ Ադրբեջանական հասարակությունն ու իշխանություններն այդպես էլ չհասկացան, որ այն բացահայտ ատելությունն ու խտրականությունը, որը ցուցաբերվեց մեր պատվիրակության հանդեպ, ծառայեց միայն մեկ բանի. էլ ավելի շատ մարդիկ դրսում համոզվեցին, որ Ադրբեջանը, ռեպրեսիվ բռնապետություն լինելուց զատ, նաև ֆաշիստական հասարակություն ունի, իսկ հայերը թեև լուրջ խնդիրներ ունեն այդ պետության հետ, այնուամենայնիվ, աչք փակեցին քաղաքականության վրա ու մասնակցեցին սպորտային միջոցառմանը՝ ոչ մի վայրկյան չկորցնելով արժանապատվությունն ու պահպանելով սպորտային-մարդասիրական ոգին։
Արդյունքում, մեր ամենամեծ նվաճումը ոչ թե մեդալներն էին, որը մենք ձեռք բերեցինք Բաքվում, ոչ էլ մեր մարզիկների փայլուն հաղթանակները, այդ թվում՝ ադրբեջանցի մարզիկների հետ մենամարտերում, այլ հենց այդ դրական փիառի գործոնը, որի շնորհիվ մենք աշխարհին ներկայացանք որպես դրական իմաստով տոլերանտ, համբերատար ու արժանապատվություն ունեցող ազգ և պետություն, իսկ ադրբեջանցիները հավերժ կհիշվեն որպես սուլող ու անքաղաքակիրթ ամբոխ։