Անկախության առաջին տարիներին, շատերս կհիշենք, թե ինչ անընդունելի ու տարօրինակ բաներ էին լինում: Զարմանում էինք, որ մեր դպրոցի դասատուն դառնում էր տոնավաճառում շոր վաճառող, կամ էլ հայրիկի գործարանի ինժեները` դոլարի դալալ, վաստակաշատ դերասանը` տաքսու վարորդ, ու այդպես շարունակ: Անցումային ժամանակ էր, ըմբռնումով էինք մոտենում, բայց այդ պահին չէինք էլ նկատում, որ կիսաքրեական, անգրագետ ու զոռբա տարրերը ներթափանցում էին բիզնեսի ու քաղաքականության ոլորտ և մի քանի տարի անց կազմելու են մեր երկրի «էլիտայի» բաղկացուցիչ մասը: Պետական քաղաքականությունը շեշտը դրեց հենց նման մարդկանց վրա` բացառելով կրթված ու գիտակից մասսային երկրի կառավարման լծակներին մոտ թողնելը; Շատ ավելի հեշտ էր անգամ սեփական անուն-ազգանունը սխալներով գրողին դոկտոր-պրոֆեսորի կոչում տալը, քան իրական խելացի մասնագետներին տեղ տալը: Ու այսօր ունենք այն, ինչ ունենք:
Սրան զուգահեռ խեղաթյուրվեց ողջ բարոյական արժեհամակարգը: Ինձ համար անգամ այս պայմաններում անհասկանալի է, թե ինչպես կարող է մարդ, 5000 դրամով սեփական ձայնը վաճառելով, էշի պես, գլուխը կախ գնալ ընտրատարածք, բայց այսօր, երբ հենց վաղը ավելի թանկ գնով պիտի հոսանք վառի, նույն էշի պես գլուխը կախ լռի: Հասկացանք, որ բոլորից հիասթափվել եք ու հույսներդ կտրել եք, բայց հիմա էլ հո հասկանո՞ւմ եք, որ սա քաղաքական թիմերի պայքար չի, սա անձամբ ձեզ ու յուրաքանչյուրիս վերաբերվող հարց է։ Մի՞թե հոսանքի թանկացումը հուզում է միայն երթին մասնակցողներին, մի՞թե նույն իշխանական կուսակցության անդամներն ու նրանց բարեկամներն այդ նույն թանկ հոսանքը պիտի չվառեն: Պարզ գիտակցեք մի բան, սա միայն հոսանքի թանկացում չի, սրան ամեն օր հետևելու են նոր թանկացումներ: Մեկը մի օր շուտ, մյուսը մեկ օր ուշ դառնալու է անվճարունակ: Մի՛ սպասեք ձեր սնանկանալու հերթին:
Մենք ապրում ենք երկրում, որտեղ մարդու արժեքը հավասարվել է 0-ի: Իշխանությունը չի նկատում ո՛չ հացադուլավորին, ո՛չ նստացույց անողին, ո՛չ երթի մասնակցին: Սա է իրական քաոսը կամ գուցե ժամանակակից Բաբելոնը:
Այսօր մի գրառում տեսա, ի դեպ բավականին խելացի օգտատիրոջ կողմից, որտեղ ասվում էր, որ պետք է պահանջը հստակեցվի: Խոսքը վերաբերում է նրան, որ հոսանքի թանկացումն անխուսափելի է, այլապես համակարգը կարող է կործանվել: Ես դեմ չեմ, որ ամեն քայլից առաջ պետք է լավ հաշվարկ կատարել, բայց ուզում եմ նաև հիշեցնել հարգելի օգտատիրոջը, որ տարածաշրջանում մենք ամենաթանկ գազն ու հոսանքն ենք վայելում` ապաշնորհ, ոչ պրոֆեսիոնալ, հիմականում սուբյեկտիվ լոլոների վրա հիմնված տեխնիկական հաշվարկների պատճառով: Արդեն չեմ էլ պատկերացնում, թե Աշխարհի վրա գոնե էլի մի երկիր կա՞, որտեղ երբեք չի լինում որևէ ապրանքատեսակի էժանացում, ու ստաբիլ գին ունի միայն լուցկին, երկիր, որտեղ իշխանութան տոտալ թալանի ցուցանիշներն են միայն դրական սալդո ապահովում, իսկ կենսամակարդակը ձգտում է արդեն բացասական ցուցանիշի։ Աշխարհի ամենախելացի, աշխատասեր, բարոյական, ազնիվ համբավ ունեցող ազգի գլխի՞ն պիտի գար այս պատուհասը:
Հասկանում եմ, որ շատերը սահմանափակվում են «միևնույն է՝ ոչինչ չի փոխվելու» արտահայտությամբ, ու բնավ որևէ մեկին չեմ մեղադրում, պատճառներն անթիվ են, բայց, այդուհանդերձ, շատերի մոտ անտարբերությունը հետզհետե վերածվում է մեռելային սիմֆոնիայի, իսկ դա արդեն կործանման սկիզբն է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/garik.petrosyan.7/posts/816394085108806?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել