Նուռը, վաղնջական ժամանակներից ի վեր, ունեցել է առանձնահատուկ ու հարուստ խորհրդանիշ։ Ըստ հին հույների՝ նռնենին աճել է բուսականության աստված, խաղողագործության ու գինեգործության հովանավոր Դիոնիսոսի արյան միջից, փյունիկեցիների համար ունեցել է կենաց ծառի խորհրդանիշ։ Նուռը՝ որպես պտղաբերության, մաքրագործության խորհրդանիշ, բուդդիզմի երեք սրբազան պտուղներից մեկն է՝ ցիտրուսների և դեղձի կողքին։ Նուռը ձոնված էր հունական սիրո և գեղեցկության աստվածուհի Ափրոդիտեին, ինչպես և մայրության և հողագործության աստվածուհի Հերային։ Սկանդինավյան ժողովուրդների ավանդության մեջ նուռն է համարվում դրախտի արգելված պտուղը։ Նուռը պտղաբերության, առատության, մեծահոգության, մաքրագործության խորհրդանիշ է։ Նուռը գլխին «թագ» ունենալու պատճառով համարվել է նաև իշխանության նշան, իսկ պտղի՝ հաստ կեղևի մեջ պարփակված բազմաքանակությունը խորհրդանշել է տիեզերքը՝ մոլորակներով ու աստղերով։ Նռան սիմվոլիկան բավականին տարողունակ է քրիստոնեության մեջ. այն մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խորհրդապատկերն է՝ Իր՝ գավաթում հեղված արյամբ, իսկ կերպարվեստում, երբ պատկերել են Տիրոջը՝ նռով, արտահայտել են Քրիստոսի հարության գաղափարը։ Նուռը խորհրդանշում է Աստծո շնորհների բազմազանությունը, Եկեղեցին՝ իր բազմաթիվ հոտով։ Նուռը, և՛ իր հորհրդանշական իմաստով, և՛ որպես ազգային զարդամոտիվ, լայն տարածում է ունեցել հայկական ճարտարապետության, գորգագործության, կիրառական արվեստի մնացյալ տեսակների և մանրանկարչության մեջ՝ Գրիգոր Խլաթեցու, Թորոս Տարոնացու, Թորոս Ռոսլինի նկարազարդած, Հաղպատի և այլ Ավետարաններ։ Հայ Եկեղեցու խորանների մեկնություններում նռնենիները մեկնվում են իբրև մարգարեների խոսքը, որոնք առակի նման, իրենց հաստ ու դառը կեղևով ծածկում էին քաղցրության Ավետիսը, անմահության պտուղը՝ Քրիստոսին։ Նուռն արեւելյան ժողովուրդների մոտ համարվել է բոլոր պտուղների արքան՝ ոչ միայն նրա՝ քիմքին հաճելի համի, բուժիչ հատկությունների, այլև նռան գլխամասում գտնվող թագանման հավելույթի պատճառով՝ այն ամենևին պատահականություն չդիտելով։ Տեսակետ կա, որ արքայական թագի նախատիպը հնում վերցրել են նռան «թագից»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/837577413000122?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել