Ամուսնության օրհնությունը եկեղեցում սկսվում է Նշանօրհնեքով և կոչվում է «Կանոն նշան օրհնելոյ»։ Որոշ Մաշտոցներում Նշանադրությունն անվանել են նաև Նշանօրհնեք կամ Ձեռնտուք առնել։ Նշանօրհնեքը սկսվում է «Խրատ»-ով։ Այսինքն՝ քահանան պետք է նախ քններ, որ տղան ու աղջիկը չլինեն ազգակից, չլինեն միմյանց անհամապատասխան թե՛ տարիքային և թե՛ ֆիզիկական ու բարոյական կարգավիճակի առումով, պետք է պատկանեն միևնույն կրոնին ու եկեղեցուն և լինեն մկրտված։ Սա ավելի շատ ոչ թե խրատ է, այլ եկեղեցու կողմից կատարվող կրոնաբարոյական և եկեղեցական-կանոնական օրենքի հաստատում, որի կատարողը հանդիսանում է քահանան։ Նա պետք է ամեն ինչ ստուգեր, հաստատեր, որից հետո միայն նրա թույլտվությամբ կատարվեր պսակի օրհնության կարգը։ Կան որոշակի սահմանված նորմեր, որոնք մտնում են եկեղեցու կանոնադրության մեջ, և նորապսակներն անպայման պետք է հետևեն դրանց մինչև ամուսնանալը։ Դրանք են. Ա. Կրոնական և եկեղեցական նույնություն. Այսինքն՝ անհրաժեշտ է, որ ամուսնացող զույգը՝ տղան և աղջիկը լինեն քրիստոնյա և մկրտված, քանի որ եկեղեցին արգելում է քրիստոնյայի ամուսնությունն այլադավանի հետ։ Ավելին՝ նրանք պետք է պատկանեն միևնույն եկեղեցուն, որովհետև ընտանեկան շատ խնդիրներ (ինչպես օրինակ՝ կրոնական տարբեր դաստիարակությունը, ազգային սովորությունների ու ըմբռնում- ների տարբերությունը) առաջանում են խառն ամուսնությունից։ Եթե այլազգին քրիստոնեական կրոն ընդունի և մկրտվի, այդ դեպքում միայն կարող է ամուսնանալ։ Սակայն երբեմն լինում են նաև բացառություններ, այսինքն՝ Եկե- ղեցին կրոնափոխությունը ամուսնալուծման պատճառ չի ընդունում, քանի որ ըստ Պողոս առաքյալի՝ «սուրբ է կինն անհաւատ արամբն» (Ա. Կորնթ., Է. 14), նույնն է նաև կնոջ դեպքում (Մ. Գոշ, կանոն ԺԶ)։
Բ. Չափահասությունը. Ամուսնության հիմնական պահանջներից մեկն էլ որոշակի տարիք ունենալն է։ Թե՛ տղան և թե՛ աղջիկը պետք է չափահաս լինեն. ազգագրական տար- բեր շրջաններում տարբեր տարիք է ընդունվում (հավանաբար այն կապված է կլիմայի, բարքերի և օրենքների հետ)։ Միջին հաշվով տղան պետք է լինի տասնութ կամ տասնինը, իսկ աղջիկը՝ տասնհինգ կամ տասնվեց տարեկան։ Բայց ասենք, որ տարիքային այդ սահմաններն էլ շատ հաճախ կարող են ամենևին էլ չհամապատասխանել։
Գ. Ազգակցության աստիճանը. Պսակը կարող է կայանալ այն ժամանակ, երբ չկան ազգակցական (այդ թվում նաև՝ խնամական և կնքահայրական) չհասական արգելքներ։ Դեռևս հնուց եղել է ազգակցական կամ արյունակցական սահմանված որոշ աստիճան, որը պետք է հաշվի առնել և պահել՝ առողջ սերունդ ունենալու նպատակով։ «Զպսակն ընտրութեամբ արասցեն՝ վեց ծննդովք հեռացեալ յազգակցութենէ արեան» (Ե. Կանոն Սսոյ Ժողովոյն), այսինքն՝ ազգակցական ամուսնությունը թույլատրվում է միայն յոթերորդ աստիճանից (յոթը պորտ) սկսած։ Այս կանոնը վերջնական դարձավ Գեորգ Ե կաթողիկոսի օրոք (1922)։Սակայն վստահաբար կարող ենք ասել, որ ամուսնության ժամանակ եկեղեցու կողմից հաստատված ազգակցական աստիճանի այս նորմերը ոչ մի դարում կայուն, անփոփոխ չեն եղել։
Դ. Փոխադարձ սեր և փոխհամաձայնություն. Ամուսնության կարևոր պայմաններից են նաև երկուստեք համաձայ- նությունը, հավանությունը և սերը։ Ամուսնությունը պետք է կատարվի առանց բռնության, որը լինում է երբեմն ծնողների կողմից (անհրաժեշտ է աղջկա ծնողների համաձայնությունը, արգելվում է նաև առևանգությամբ). բռնությամբ կատարված պսակը եկեղեցին համարում է անվավեր, քանի որ ընդունում է, որ փոխադարձ ու անկեղծ սիրուց է առաջանում անքակտելի միություն. «Տէ՛ր, օրհնեա՛ զամուսնութիւն նոցա որպէս զսուրբ նախահարցն` անարատ պահելով զսոսա հոգւով և մարմնով և միաբան սիրով ի կեանս յայսմիկ»։
Ե. Մարմնական կանոնավորություն. Քանի որ ամուսնության նպատակը որդեծնությունն է, ապա այն իրագործելու համար անհրաժեշտ է, որ ամուսնացողները լինեն ֆիզիկապես և հոգեպես առողջ, որպեսզի որդեծնության արգելք հանդիսացող որևէ հիվանդություն չունենան։ Նշված կետերում կան այնպիսիները, որոնք պատկանում են նաև կանոնաիրավական նորմերին, բայց, ի տարբերություն վերջինիս, սրանք համարվում են պարտադիր պայման Հայաստանյաց առաքելական եկեղեցում ամուսնությունը հաստատելու կամ անվավեր համարելու համար։ Այս ամենը (վերոնշյալ պայմանները) քննելուց հետո քահանան մեկնաբանում է Նշանադրության խորհուրդը աղոթքների, քարոզների միջոցով, որը ներկայացվում էր նաև միջնադարյան մեկնություններում. «Եւ նախ սկիզբն պսակին՝ նշանն է. որ կատարի յերկուց. այսինքն՝ ի հաւանական խօսիցն՝ և ի նշան է մատանւոյն և այլոցն։ Զի թէ երկու կամքն ոչ հաւասարին և ոչ հաւանին, անհաստատ է պսակն. որպէս բռնութեամբ և ակամայն։ Եւ հաւանումն կամացն՝ երևի ի տեսանելն աչօք, և ի խօսիլն լեզուաւ, և յարդիւնս նշանին. եթէ իցէ մատանի. կամ այլ ինչ նիւթ։ Եւ այն քահանայից և արանց և կանանց միջնորդութեամբ»։ Սա նշանակում է, որ մինչ Պսակը անպայման պետք է լինի Նշանդրեք՝ համապատասխան պայմաններով՝ զույգի փոխհամաձայնություն, մատանիով կամ որևէ այլ զարդով օրինականացում, քահանայի, ինչպես նաև մի քանի հարազատ-բարեկամների անհրաժեշտ ներկայություն։ Եկեղեցում կատարվող յուրաքանչյուր արարողություն (սկսած մուտքը եկեղեցի՝ ծիսակարգի հերթականությամբ) և ծիսական գործողություն ունի խորհրդանշական իմաստ։ Եկեղեցուց դուրս կատարվող ամուսնական արարո- ղությունները բոլորովին այլ մեկնաբանություն են ստանում, այսինքն՝ ավելի հին, արխայիկ, քանի որ ծեսի միջոցով փորձ է արվում վերականգնել նախ- նականը։ Մաշտոցներում տեղ են գտել համապատասխանաբար ընտրված շարականներ, սաղմոսներ ու աստվածաշնչյան հատվածներ, որոնք կատարվում են եկեղեցում Նշանօրհնեքի ժամանակ։ Եթե նշանը եկեղեցում չէր օրհնվում, ապա տղայի հարազատները քահանային հրավիրում էին աղջկա տուն, որպեսզի օրհներ նշանը։ Այս սովորությունը պահպանվել էր հիմնականում Մուշ քաղաքում, քանի որ այնտեղ վերացել էր «խալանի» սովորությունը։ Իսկ Վասպուրականում, օրինակ, Նշանօրհնեքի ծեսը կատարվում էր քահանաների միջնորդությամբ՝ առանց աղջկա և տղայի ներկայության: Անհրաժեշտ է, որ նշանի և պսակի մատանին լինի ոսկի կամ արծաթ. «Որպէս պատուական է նիւթ մատանւոյն՝ ոսկի կամ արծաթ. նոյնպէս պատուական և անբիծ է հաւատքն մեր առ Քրիստոս»։ Եվ մատանին դրվում է «ի չորրորդ մատն (ճկոյթամայր) աջոյ ձեռին հարսին, և զապարանջանն ի բազուկն, զգինդ յականջսն, և զքօղն ձգէ ի գլուխն»։ Այնուհետև քահանան, սրբագործելով կատարված ակտը, աղոթում և օրհնում է նորապսակներին՝ ի կատար ածելով և նպաստելով տիեզերաստեղծ արարչագործությանը այդ ծիսական արարողությամբ: Մեկ այլ Մաշտոցում ներկայացվում է. «… և ապա զփեսային օրհնեալ մատանին տան ցհարսնն, և ցհարսինն՝ ցփեսայն։ Եւ ի օրհնեալ բաժակէն ևս արբուցանեն երկուցն. և աստ լինի աւարտ նշանին» (տե՛ս Մաշտոց, Կալկաթա,1836)։ Պսակի կարգն ըստ «Մաշտոց« ծիսական ժողովածուների «Աստուած յաւիտենական և արարիչ ամենայնի, զքեզ աղաչեմք և խնդրեմք ՚ի քէն, որ գթութեամբ քո խնամես զարարածս քո։…Ի ձեռն ամենայաղթ նշանիս հեռացո՛ ՚ի սոցանէ զմիտս կեղծաւորս և զստամբակս, և զայլ ամենայն խարդախութիւնս, պահեա՛ զսոսա ՚ի գարշանաց և յաղջամուղջին շաւղաց և ՚ի խառն անկողնոց պղծութենէ»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/smbatsarkavag/posts/845419992193139?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել