14

Արմենիա TV-ի եթերով հեռարձակվում է 01-99 հաղորդումը, որտեղ  ինչպես գիտեք, հաղորդավարուհին նստում է ճանապարհային ոստիկանության մեքենան ու շրջում է ոստիկանի հետ՝ պատմելով այս կամ այն խախտման մասին, ներկայացնելով համապատասխան օրենքի պահանջները և այդ օրենքի/կանոնի խախտման կոնկրետ դեպքեր։ Ամեն ինչ պարզ է, ամեն ինչ օգտակար է և գովելի է քաղաքացիների իրավական գրագիտության սանդղակը բարձրացնելու համար ստեղծված այս նախագծի մտահաղացումը, բայց…

… բայց այս ամենում պարբերաբար կրկնվում է մի դրվագ, որն անձամբ ինձ նյարդայնացնում է ու մի տեսակ անլրջացնում է հաղորդման մեսսիջը։ Ուշադրություն դարձրե՞լ եք, որ հաճախ ո՛չ լրագրողը, ո՛չ էլ ղեկի առջև նստած ոստիկանն ամրագոտի չեն գցում ու հենց այդպես էլ հայտնվում են կադրում։ Մինչդեռ, դա Ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտում է ու ի դեպ, նույնիսկ ՃՈ աշխատակիցները իրավունք չունեն անտեսել այն։ Չմոռանանք, որ սովորական վարորդներին տուգանում են նման խախտման համար, իսկ այստեղ, հերիք չէ անպատիժ արվում է նույն խախտումը, մի բան էլ, այդ խախտումն անողները ամենայն լրջությամբ խոսում են երթևեկության կանոնների պահպանության կարևորությունից և օրենքից։

Հույս ունեմ, որ Արմենիա TV-ում ականջալուր կգտնվեն այս թերության արձանագրման հանդեպ ու կշտկեն այն։ Իհարկե, սա գլոբալ առումով մեծ բան չէ և գուցե ոմանք մանրունք էլ համարեն դա, բայց համաձայնվեք, որ կարևոր մանրունք է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել