Արդէն երէք տարի է, ինչ Գորիսում իր գործունէութիւնն է ծաւալում «Ինստիգեյթ» ընկերութիւնը։
Երէք տարի առաջը քչերը կը հաւատային, որ մեր քաղաքում հնարաւոր կը լինի ստեղծել ՏՏ ոլորտի ընկերութիւն, որն ի վերջոյ կը կարողանար հաստատուն աշխատել միջազգային պատուիրատուների հետ։
Երէք տարի առաջ քչերը կը հաւատային, որ մի քաղաքում, որում գործող ինստիտուտը չունի կայացած ՏՏ ոլորտի ֆակուլտետ և չկան համապատասխան կադրեր, հնարաւոր կը լինի մարդկանց վերապատրաստելով ծաւալել միջազգային շուկայում գործող որակի չափանիշներին համապատասխան գործունէութիւն։
Եթէ առաւօտեան ժամը 9.00 զբոսնելու լինէք քաղաքի հարաւ-արեւելեան ծայրամասում, կը տեսնէք դէպի ինչ-որ տեղ շտապող երիտասարդներ․ ոմանք շտապում են աշխատանքի, ոմանք դասընթացի, ոմանք պէտք է այսօր նախագծեն եւ տպեն հերթական դետալը՝ եռաչափ տպիչով։ Շուրջ քառասուն երիտասարդ(որոնց միջին տարիքը հազիւ 25 լինի) այս փորքիկ վայրում իրենց ուսերին տանում են մի մե՜ծ գործ, որ օգտակար է թէ՛ իրենց, որպէս աշխատող, մասնագէտ՝ վաստակելու, մասնագիտանալու համար, եւ թէ՛ մեր քաղաքին, որովհետեւ այս աշխուժութիւնը վարակի՛չ է, եւ այն արդէն հետաքրքրութիւն է առաջացրել այլ ընկերութիւնների մոտ, քաղաքում, կից համայնքներում ներդրումներ, մասնաճիւղեր հիմնելու համար։
Ահա, այսօր Ակսել Բակունցի անուան դպրոցում գործում է «Նաիրի» լաբորատորիա, («ՎորլդՎիժն» հիմնադրամի շնորհիւ) որտեղ աշակերտները կատարում են իրենց առաջին քայլերը ռոբոտաշինութեան ասպարեզում։
Իսկ Տաթեւի զարգացման ծրագրերի շրջանակում, Հալիձորում, Շինուհայրում եւ հենց Տաթեւում արդէն մէկ ամիս է սկսուել են համապատասխան ռոբոտաշինութեան դասընթացներ։
«Ինստիգեյթ» ընկերութիւնն իր սկզբունքին հաւատարիմ շարունակում է օժանդակել, խթանել ոլորտի զարգացմանը թէ՛ մեր քաղաքում, եւ թէ՛ ամբողջ Հայաստանում։
Ցանկանում եմ շնորհակալութիւն յայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց փոքրիկ եւ մեծ ներդրումն են ունեցել այս ամէնի կայացման գործում։
Երիտասարդներին, ովքեր դարձել են առաջամարտիկ իրենց իսկ բնօրրանում այս հնարաւորութիւնը ստեղծելու, կայացնելու գործում, մաղթում եմ նորանոր յաջողութիւններ, տոկունութիւն, առողջութիւն։
Շնորհաւորում եմ բոլորիդ այս կարեւոր գործունէութեան երէք ամեա կայուն զարգացման, առաջխաղացման համար։
Նյութի աղբյուր՝ http://lernci.livejournal.com/499327.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել