Չնայած այն բանին, որ կառավարությունը որոշեց ոսկու վաճառքով զբաղվողների գործունեությունը շրջանառության հարկից տեղափոխել ավելի պարզեցված դաշտ, այնուհանդերձ, որքան էլ տարօրինակ է, դա եւս ոլորտում գործողների սրտով չէ։ Նրանք ցանկանում են աշխատել առանց փաստաթղթերի եւ վճարել շրջանառության ընդամենը մեկ տոկոսը։ Մոռանալով, որ հուլիսի 1-ից դադարելու է գործել 1 տոկոս շրջանառության հարկի դրույքաչափը։ Կապված փաստաթղթավորման ծավալից՝ հարկային դրույքաչափը տատանվելու է 1,5-5 տոկոսի սահմաններում։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոսկու առեւտրում փաստաթղթավորման հետ կապված կան խնդիրներ՝ կառավարությունը որոշեց ընդառաջ գնալ ոլորտում գործող տնտեսավարողներին, որպեսզի նրանք հուլիսի 1-ից ավտոմատ չհայտնվեն շրջանառության 5 տոկոսը վճարելու ծանրաբեռնվածության տակ։
Թվում էր, թե կառավարության նախաձեռնությունը պետք է դրական ընդունեն ոսկու առեւտրով զբաղվողները։ Սակայն նրանք դժգոհ են առաջարկվող արտոնագրային վճարի չափից։ Ինչպես հայտնի է, այս առումով կառավարությունը նախատեսում է ներմուծել տարբերակված մոտեցում՝ տարածաշրջանային կտրվածքով։
Միգուցե հաստատագրված հարկն ընդհանուր առմամբ այնքան էլ արդարացված հարկային ռեժիմ չէ, բայց նույնիսկ այդ պարագայում կառավարությունն ընդառաջ գնաց ոսկու առեւտրով զբաղվողներին՝ համարելով, որ այն կլինի լավագույն լուծումը։ Մինչ տնտեսավարողները մշտապես սիրում են դժգոհել հարկային խիստ վարչարարությունից, հաստատագրված հարկը նրանց ազատում է հավելյալ խնդիրներից։
Կատարված ուսումնասիրությունների հիման վրա մայրաքաղաքում գործունեություն իրականացնողների համար առաջակվեց 35 հազար դրամ հաստատագրված հարկ։ Ոսկու առեւտրով զբաղվողները համանրում են, որ դա ծանր բեռ է իրենց համար։ Իրենք մինչեւ հիմա շատ ավելի քիչ են վճարել։
Անշուշտ, չհաշված շրջանառության ծավալների թերհայտարարագրումը, 1 տոկոս հարկային բեռի պայմաններում իրականում այդպես էլ եղել է։
Բայց չպետք է մոռանալ, որ ժամանակին 1 տոկոս դրույքաչափը, որը մինչեւ այժմ գործում է, նախատեսվում էր ամբողջական փաստաթղթավորման պահանջի կիրառման համար։ Չպետք է մոռանալ, որ դրանից առաջ այն 3,5 տոկոս էր, ինչը նշանակում է, որ մեկ մլն դրամի շրջանառությունն արդեն 35 հազար դրամի հարկ է առաջացնում։ Այլ հարց, որ արձանագրվող շրջանառություններն հեռու են իրականությունից։
Եթե ոսկու առեւտրով զբաղվողը ամսական 1 միլիոնի շրջանառություն չունի, ապա նրա գործունեությունը պետք է որ նպատակահարմար չլիներ։ Բայց ինչպես տեսնում ենք, այդպես չէ։