Ռասսելը փորձում է հերքել նաեւ բարոյականությամբ փաստարկված Աստծո գոյության ապացույցը: Բոլոր բարոյական սկզբունքներն ու համոզումները Ռասսելը համարում է մարդու մտքում վաղ հասակից քարացած, իմաստից զուրկ կաղապարներ: Զարմանալի է, թե ինչու Ռասսելը, իր իսկ խոսքերով, 15-18 տարեկան հասակում կայացված անհավատության դիրքորոշումը այդքան հիմնավոր է համարում: Այդ հասակում ես ինքս էլ ջանում էի ազատվել կաշկանդող արգելքներից ու հավատի առաքինության թելադրանքներից, բայց ետադարձ հայացքով այժմ կյանքի իմ այդ շրջանը խենթություն եմ համարում: Մարդկանցից շատերն, անցնելով մերժողության եւ անհավատության նման մի շրջան, կամավոր եւ գիտակցված կերպով հանգում են Աստծո գոյության իրողությանը: Փաստորեն, մեր Ռասսելին դեռահասությունից աճել է պետք:

Անշուշտ պետք է ընդունել, որ բարոյականությունը հասարակության պայմանավորվածության արդյունքում է ի հայտ գալիս, քանի որ մարդը անհատ լինելուց զատ նաեւ սոցիալական էակ է: Այս պայմանավորվածությունը փոփոխման ենթակա է կախված ժամանակային եւ հասարակարգային կոնտեքստից, սակայն, չպետք է բացառվի նաեւ ծնված օրվանից մարդու ընկալյալ բարոյականության գոյությունը, եւ Ռասսելն ինքը չի կարողանում հերքել իր` որոշակի բարոյականությամբ առաջնորդվելու իրողությունը:
Ռասսելը կատարում է նաեւ վաղնջական ժամանակներից եկող բարու եւ չարի միջեւ մանիպուլյացիաներ` արդյոք կա՞ ինքնին բարի, իսկ գուցե չա՞րն է բարին, Աստված չարի ստեղծման պատճա՞ռն է, թե ոչ: Այս ամենը մեր կողմից գործվող արարքների պատասխանատվությունից խուսափելու մի հնարք է սոսկ:
Ուշադրություն դարձրեք` եւս մեկ զավեշտալի առաջարկ Ռասսելի կողմից. ի պատասխան աշխարհում տիրող անարդարությունների՝ նա առաջարկում է աշխարհի ներկայիս մոդելը կատարյալ ճանաչել եւ հրաժարվել ավելի կատարյալ աշխարհ ստեղծելու մասին մտածելուց: Նախ ես լրջորեն կասկածի տակ կառնեի այս մոդելի գործնական կիրառելիությունը եւ երկրորդ, կուզենայի շեշտել, որ քրիստոնյան չունի այն նայիվ կարծիքը, թե տիեզերական արդարությունը վերականգնվելու է միայն հանդերձյալում` Քրիստոսի պատվիրանի համաձայն մենք ձգտում ենք հաստատել երկնքի Արքայությունը մեր մեջ եւ մեր միջեւ` այն տեղափոխելով մեր հասարակություն...

Հաջորդ էական կետը Ռասսելի հայեցակարգի մեջ այն է, որ փորձ է կատարվում մարդկության պատմության միջից ջնջել Քրիստոսի անձի բացառիկությունը: Բերվում են Լաո-Ցզիի եւ Բուդդայի օրինակները, ովքեր դեռ Քրիստոսից ավելի վաղ բերել են աստվածային պատգամները աշխարհ, ուրեմն ինչո՞ւ չեն կարող աստվածացվել: Անշուշտ Քրիստոսից դեռ դարեր առաջ Աստված հայտնում էր իրեն եւ իր պատգամները մարդկությանը մարգարեների եւ իմաստունների միջոցով, անգամ վաղ քրիստոնեական ջատագովության մեջ Եկեղեցու հայրերի կողմից Սոկրատեսը համարվում էր Քրիստոսի նախակարապետը: Քրիստոս խոսում էր այնպիսի ճշմարտությունների մասին, որոնք արդեն իսկ կային մարդկանց մտքերում, սակայն ինչն է յուրահատուկ Տիրոջ պարագային, որ Նա ոչ միայն իբրեւ առաքինի մարդ կատարելապես ապրեց այդ ճշմարտությամբ եւ սպանվեց հանուն այդ ճշմարտության, այլեւ իր մահվամբ հավերժապես հաստատեց ճշմարիտ Խոսքը, որը եւ հաղթեց մահվանը, հեղափոխեց ողջ մարդկությանը եւ փրկություն պարգեւեց մեզ: Ուրեմն դուք էլ մտածեք, թե ով էր Հիսուս` Աստծու Որդին, որ ելավ Աստծուց` մտավ պատմության եւ ժամանակի մեջ՝ իրենից հետո սրբագործելով ամեն բան այս աշխարհում:...


Ռասսելի հայեցակարգում բնութագրիչ մի գիծ կա, որն անընդունելի եմ համարում փիլիսոփայի համար` Ավետարանի խոսքի կոնտեքստից դուրս եւ անսկզբունքային մեկնաբանությունը եւ կարծեցյալ հակասությունների շեշտումը: Անհնար է հասկանալ Ավետարանական խոսքի պատգամը եթե չես ըմբռնել քրիստոնեական ոգին: Ինչպես վկայում է ամերիկյան ասույթը, մարդիկ մերժում են Սբ. Գիրքը ոչ թե այն պատճառով, որ Աստվածաշունչը հակասում է ինքն իրեն, այլ որովհետեւ հակասում է մեզ: Ուստիեւ հեգնական այն խոսքերը, թե ճի՞շտ է, որ դուք` քրիստոնյաներդ, մյուս այտն էլ եք դեմ անում ապտակի համար կամ աղոթքով կարող եք լեռներ տեղաշարժել, վկայում են այդ մարդու կողմից Ավետարանի մակերեսային ընկալման մասին: Ռասսելը ամեն կերպ փորձում է Ավետարանից բերված համարներով ներկայացնել Հիսուսին իբրեւ բռնակալ, ծայրահեղական եւ անտանելի մի կերպար: Բարեկամներս Gary Amirault-ն ասել է. «Սատանան եւ իր գործակիցները նույնպես կարող են մեջբերել Աստվածաշունչը, ըստ որում՝ կատարյալ անգլերենով»: Աստվածաշնչում այնքան իմաստություն է պարունակվում, որ դրանով կարելի է հիմնավորել ցանկացած հիմարություն:

Ռասսելը ուշադրություն է հրավիրում նաեւ քրիստոնյաների կողմից գործված կրոնամոլության սխալների վրա: Համաձայն եմ՝ քրիստոնյաները բազում սխալներ են գործել իրենց կրոնական մոլեռանդության պատճառով` խաչակրաց արշավանքներ, ինկվիզիցիա, բայց այս երեւույթը հատուկ է մարդկությանը, որովհետեւ ցանկացած նվիրական զգացմունք (հայրենասիրություն, սեր) հակված է ծայրահեղացվելու, սակայն այս իրողությունը բնավ չի ներկայացնում քրիստոնեության իսկությունը: Եկեղեցին, մասնավորապես Հայ Առաքելական Եկեղեցին մեր ժողովրդի ողջպատմության 
ընթացքում, մինչեւ մեր իսկ օրերը` ապահովել եւ խրախուսել է աշխարհիկ գիտական առաջընթացը, այժմ էլ աշխարհիկ հասարակության զարգացմանը համընթաց Եկեղեցին մասնակից է բիոէթիկական եւ բարոյականության հարցերի քննարկմանը: Ի միջի այլոց, ինձ համար պարզ չէ, թե որն է «բարոյական պրոգրես»-ի էությունը, որի առաջին հակառակորդ Ռասսելը համարում է Քրիստոնեությունը: Եթե դա այն է, ինչ մեր օրերում անվանում են խղճի ազատություն եւ մարդու «իրավունքներ» (որը հաճախ կիրառվում է ամեն անբարոյականություն արդարացնելու նպատակով), ապա ես ինքս էլ լիակատար պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Եկեղեցին դեմ է եւ այսուհետ էլ դեմ կլինի աշխարհում նկատվող այդ «պրոգրեսին՝ միասեռականությանը, պոռնկությանը, թմրամոլությանը, խաղամոլությանը եւ այլ մեղսալի արարքներին, որոնք, ըստ Ռասսելի եւ շատերի, ընդունելի են քաղաքացիական իրավունքի տեսանկյունից: Սրանում է նաեւ Եկեղեցու փրկարար առաքելությունը, որ պահպանում է բարոյական հավասարակշռությունը աշխարհում:

Միով բանիվ, հակառակ Ռասսելի թյուր ընկալմանը` քրիստոնյան ընդունում է աշխարհը, ինչպիսին որ այն կա իրականում, անվերջ չի տառապում սեփական մեղսավորություն զգացումից, այլ լավատես է եւ ուրախ, քրիստոնեությունը չի ստրկացնում մեզ բարոյական զրկանքներով ու սահմանափակումներով, այլ հակառակը` պաշտպանում է մեզ ինքնակործանումից:
Այս մտածումները (եթե իհարկե ընթերցեցիք այս տողերը) մի գաղափար էին փորձում հաղորդել. եթե դուք հավակնեք Ռասսելի ինքնահավանությամբ պնդել եւ ապացուցել, որ դուք քրիստոնյա չեք, հիշեք, որ դուք բնավ էլ ամենաիմաստունը չեք, եւ ձեր փաստարկները ակնհայտ շահադիտական եւ եսասիրական մոտիվացիա են պարունակում իրենց մեջ:
Այս հոդվածի տողերում գտեք ձեզ եւ մեկ անգամ եւս խորհեք` վերջապես դուք քրիստոնյա՞ եք, թե՞ ոչ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել