Շենքի առաջին հարկում մի հարևան ընտանիք ունեմ, ավելի ճիշտ՝ այսօրվանից՝ ՈՒՆԵԻ, ովքեր այդ բնակարանում էին ապրում, ինչ ստացել էին այն պետությունից 80-ականներին։ Էս մարդկանց այսօր դուրս շպրտեցին իրենց բնակարանից, ու դա արեց Առէկսիմբանկը։
Իհարկե, լինում է, որ մարդիկ բանկում տունը գրավ են դնում ու կորցնում են ամեն բան, բայց հարևանիս հետ կատարվածն ինձ հիշեցնում է 90-ականների մաֆիոզական մթնոլորտը, որովհետև Առէկսիմբանկի արածը ոչ այլ ինչ էր, քան ռեկետ ու դրամաշորթություն։ Ընդ որում, առնվազն 50000 դոլար շուկայական գին ունեցող այս բնակարանը մարդկանց ձեռքից խլեցին... 5000 դոլար կազմող վարկի պատմության երեսից։
Ուրեմն, անցած ամառ էս հարևաններիս մեծ տղու խելքին փչում ա տունը կապիտալ վերանորոգել, որովհետև ամաչում էր ամուսնանալ ու կին բերել դեռ խորհրդային ռեմոնտով տուն ու գնում ա, 5000 դոլար վարկ ա վերցնում Առէկսիմբանկից։ Ռեմոնտը սկսում են, սկզբում ամեն ինչ նորմալ ա լինում, չնայած նրան, որ տոկոսները մեր երկրում ու հատկապես Առէկսիմբանկում աստղաբաշխական են։ Հետո էդ փողը վերջանում ա, բայց ռեմոնտը դեռ կիսատ ա լինում, բայց էս խելոքս էլի ա պարտք անում հարևան-բարեկամներից ու շարունակում ա։
Հետո եղավ դեկտեմբերը, ու դոլարի կուրսը թռավ եսիմ ուր, ու փաստորեն այդ տատանման հաշվին 0-ացրեց մինչ այդ արված բոլոր վճարումները, որովհետև հարևաններիս եկամուտները դրամով էին, իսկ վարկը՝ դոլարով...
Դրան գումարած՝ մյուս պարտատերերը սկսեցին խեղդել, ու էս հարևաններս ընկան կրակը։ Փորձեցին բանկին խնդրել վերանայել պայմանագիրը կամ էլ ինչ-որ ժամանակով հետաձգել պարտքի մարումը։ Բնականաբար, Առէկսիմբանկում իրենց ատվառոտ-պավառոտ են տալիս, բայց բանկի կառավարիչն առաջարկում ա ստվերային մի գործարք. ինքը հանձն ա առնում նոր վարկ ձևակերպել հինը մարելու համար ու նույն տոկոսադրույքով, բայց վարկի 25 տոկոսը պետք է իրեն առձեռն տան՝ որպես ատկատ։ Հարևաններս այնքան հուսահատ վիճակում են լինում, որ համաձայնվում են, ինչ թուղթ տալիս են՝ ստորագրում են, էլի փող են վերցնում, կառավարչին տալիս են իրա փայը, բայց մնացած փողով ոչ թե հին վարկն են մարում, այլ որոշում են ավարտի հասցնել վերանորոգումը, որ տունը հնարավորինս թանկով վաճառեն, որ պարտքերը մարեն...
Արդյունքում արդեն հաջորդ ամսվանից սկսվում են զանգերը բանկից՝ դատի տալու սպառնալիքներով։ Էս մարդիկ էլ աղաչում են, էլ պաղատում են, որ ժամանակ տան, որպեսզի տունը վաճառեն, վերջը էդ փող վերցրած կառավարիչն էլի հանդիպում ա նշանակում ու բանավոր ասում ա, որ 4 ամիս կարող են մարումներ չանել, թող ռեմոնտն ավարտեն ու վաճառեն։
Էս միամիտները, բանավոր խոսքի վրա հիմնվելով, արխային են ընկնում ու էլի անցնում են իրանց ռեմոնտով, որն ավարտելուց հետո սկսում են մուշտարի ման գալ։ 4 ամիսը դեռ չլրացած՝ բանկից գրություն է գալիս, որ իրենց պարտքը տույժուտուգանքներով գրեթե եռապատկվել է՝ համաձայն պայմանագրի պայմանների, ու եթե վարկը չմարվի մինչև այսինչ վերջնաժամկետը, նրանց տունը բանկը կվերցնի դատական կարգով։
Խառնված իրար՝ գնում են բանկի կառավարչի մոտ, թե բա, ախպեր ջան, բա դու ասում էիր՝ ժամանակ ունենք։ Սա էլ թե՝ ես նման բան չեմ ասել, ինչ որ ունեի ասելու, պայմանագրով ձևակերպված ա ու ստորագրված ա։ Հարևանիս տղեն փորձում ա սկանդալ սարքել, բայց բանկի անվտանգության ծառայության աշխատակիցները մի լա՜վ ծեծում են ու դուրս են շպրտում։
Ի՞նչ երկարացնեմ, գործը մտնում ա դատարան, բանկը դատարանում ցույց ա տալիս երկու վարկերի պայմանագրերը, երկրորդ պայմանագրում առկա կետը, որովհետև աստղաբաշխական տույժուտուգանք է նախատեսված լինում վարկի ուշացման հաշվին, ու ցույց է տալիս սրանց ստորագրությունները և....
Էլ ի՞նչ և, էսօր աշխատանքի գնալիս տեսնում եմ, որ հարևաններս իրենց կահույքն են բարձում բեռնատարի մեջ։ Բանկը նոր վերանորոգված տունը վերցրել է ձեռքներից, ու էդ սաղ պատմությունը՝ ինչ-որ 5000 դոլարի համար, որը խաբեությամբ ու մարդկանց միամտությունից օգտվելով դարձրեցին եսիմ ինչքան, ու հիմա մեկին 10 եկամուտ ունեցավ բանկը։
Այս պատմությունից հետո, հույս ունեմ, էլ ոչ ոք գործ չի բռնի «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» հանցավոր կառույցի հետ, որը Հայաստանում զբաղվում է խաբեությամբ ու ռեկետով։ Ես այս դեպքը գիտեմ իր բոլոր մանրամասներով ու սարսափում եմ, թե քանի-քանի նման ընտանիքների են դժբախտացրել այս անաստված բանդիտները։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1675905085973378&id=100006617070037¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել