Անառարկելի է, որ էլեկտրաէներգիայի սակագնի աճը, ՀԷՑ-ի «վատ կառավարում» որակվող բազմաթիվ աղաղակող սուբյեկտիվ պատճառներից զատ, ունի նաև օբյեկտիվ պատճառներ, որոնցից գլխավորը ՀԷՑ-ի կողմից վերավաճառքի համար «ՀրազՋԷԿ»-ից և/կամ «Հրազդան5»-ից թանկ էլեկտրաէներգիա գնելու անխուսափելիությունն է: Ակներև է, որ սակագնի ավելացման խնդրի լուծումները ՀԷՑ-ի ներսում որոնելուց ավելի պետք է որոնել նրանից դուրս, էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտներում: Սակայն որքան էլ տարօրինակ թվա, ձեզ վստահված տեսչությունները, ինչպես նաև բոլոր մնացած ելք որոնողները լուծումները փնտրում են միայն «ՀԷՑ»-ի ներսում, այսինքն՝ այնտեղ, որտեղ այդ լուծումները մեծ հաշվով բացակայում են, կամ եթե կան, ապա դրանք իրավիճակային բնույթի են, ժամանակավոր են և ոչ արմատական:
Միանգամից անցնեմ առաջարկներին.
1. Ինչո՞ւ 400 մլն դոլարից ավելի գումար «կերած» և շահագործման հանձնելու օրվանից (2013թ դեկտեմբեր) չգործող «Հրազդան 5»-ի սեփականատեր «Գազպրոմ»-ին չի առաջարկվում իրանականի նման (այսինքն էլեկտրաէներգիա գազի դիմաց) մի գործարք: Չէ՞ որ 470 ՄՎտ հզորությամբ և գոնե 40% ՕԳԳ ունեցող (ճիշտ կառուցված շոգեգազային ցիկլով կայանի ՕԳԳ-ն 50%-ից պակաս չպետք է լինի: «ԵրևանՋԷԿ»-ի ՕԳԳ-ն 49% կարգի է. այդ կայանի աշխատանքի պարագայում մենք կունենանք 70-80 ՄՎտ.Ժ կարգի էժան, «Երևան ՋԷԿ»-ի էներգիայի արժեքին մոտ էներգիա: Եթե «էլեկտրաէներգիա գազի դիմաց» փոխշահավետ այսպիսի գործարք մենք իրականացնում ենք Իրանի հետ, ում գազի արժեքն այս տարածաշրջանում ամենասուղն է, ապա ինչո՞ւ նույնը չենք անում մեր ռազմավարական գործընկերոջ, Ռուսաստանի հետ:
2. Եթե «Գազպրոմը» հրաժարվում է այսպիսի գործարքից, իր գազն ափսոսալու, էլեկտրաէներգիայի վաճառք կազմակերպել չկարողանալու կամ այլ պատճառաբանություններով ապա նույն գործարքը «Հրազդան5»-ը կարող է իրագործել Իրանի հետ: «Ռեվերսային մատակարարումներ» հասկացությունն այսօր մոդայիկ է: Իրանական գազը կտրվի մեր հարավային շրջաններին, իսկ «Հրազդան 5»-ը կաշխատի նույն քանակության ռուսական գազով և 1խ.մ.գազի դիմաց 3ԿՎտ արտադրված էներգիան կառաքի Իրան:
3. «Ըմբռնումով» մոտենալով «Գազպրոմի» բացատրություններին՝ սահմանի վրա 1000խ.մ.-ը 165 $ արժեցող գազը շարքային սպառողներիս վրա 328 $-ով վաճառելուն (մարդիկ մեծ ցանց են կառուցել, ամենահեռավոր գյուղի ամենավերջին տուն անգամ խողովակներ են անցկացրել, Հայաստանն աշխարհի ամենագազաֆիկացված երկրի կարգավիճակին են հասցրել, (փույթ չէ, թե բնակչության քանի տոկոսն է այդ գազից օգտվում) ) մեծ հարցականներ են առաջանում խոշոր սպառողներին՝ «ՀրազՋԷԿ»-ին և առաջին հերթին ինքն իրեն «Հրազդան 5»-ին գազի 1000 խ.մետրը 276,98 $ վաճառելիս: Ազգաբնակչության պարագայում, ասենք, հասկացանք, ինչպես ասվեց՝ ըմբռնումով մոտեցանք, «մեծ գործ» է արվել, սակայն մեծաքանակների պարագայում չէ՞ որ ոչինչ չի արվել: Ցանց չի կառուցվել, բազում խողովակաշարեր չեն անցկացվել, փականների ու սողնակների վրա փող չի ծախսվել: Ընդամենը գազը սահմանից բերվել, հասցվել է Հրազդան՝ անցնելով ընդամենը 100 կմ ճանապարհ: 1000 խոր.մ. գազը 100կմ տեղափոխման միջազգային գինը 1,38$ է: Լավ, թող 1000կմ.-ի գին գանձեն, թող լինի 13,8$, այսինքն՝ ինքն իր վրա գազը թող վաճառի 165+13,8=178,8$, սակայն ոչ 276,98$: Գազի այս գնով աշխատող «Հրազդան 5»-ի առաքած էլեկտրաէներգիայի արժեքը կնվազի առնվազն 10-15 դր-ով, և մեզ հասած էլեկտրաէներգիայի գինն էլ ոչ թե կաճի, այլ կնվազի: Եթե այս տարբերակներից և ոչ մեկը չի արժանանում «Գազպրոմի» հավանությանը, ապա նրա վարքագիծն առնվազն տարակուսանք է հարուցում: Ինչպե՞ս կարելի է 400մլն. դոլարից ավելի միջոցներ ներդնել մի գործի մեջ և չփորձել անգամ որևէ արդյունք ստանալ դրանից, գոնե դրած գումարը հետ բերել:
4. Այժմ երկու խոսք էլ «Գազպրոմի» և «Ինտեր ՌԱՕ»-ի ներդրումների և նրանց էֆեկտիվության մասին: Հայտնի է, որ «Ինտեր ՌԱՕ»-ն 2013թ դեկտեմբերին 300 մլն. դոլար է ներդրել իրեն պատկանող «ՀրազՋԷԿ»-ում: Այս ներդրումների էֆեկտիվությունը զրո է, քանզի կայաններից մեկը կանգնած է, իսկ ֆիզիկապես մաշված ու բարոյապես վաղուց արդեն մահացած «ՀրազՋԷԿ»-ում արված յուրաքանչյուր լումայի ներդրում փողերը քամուն տալ է նշանակում:
242 ՄՎտ էլեկտրական հզորությամբ «ԵրևանՋԷԿ»-ն արժե 214 մլն. դոլար և «բանալի» սկզբունքով կառուցվել է երկու տարում: Այն ամբողջ հզորությամբ աշխատում է՝ տալով «կիլովատը 4 ցենտ» արժեցող (խոսքերը Վ. Այվազյանինն են) էներգիա: Հրազդանում «Գազպրոմի» և «Ինտեր ՌԱՕ»-ի արած ներդրումներով կարելի էր կառուցել այսպիսի ԵՐԵՔ էլեկտրակայան, որոնք կունենային 700 մեգավատ դրվածքային հզորություն: Եվ եթե այս կայանները կառուցվեին ոչ թե Երևանում, այլ ավելի ցածրադիր Մեղրու տարածաշրջանում, ապա մի կողմից կապահովվեր ավելի բարձր ՕԳԳ, իսկ մյուս կողմից հարկ չէր լինի Իրանից երկար խողովակաշար և Հայաստանից էլ բարձրավոլտ հաղորդման գծեր անցկացնել: Այսպիսի գործարքից Հայաստանը կունենար 210ՄՎտ.Ժ (գրեթե ատոմակայանի չափ) համեմատաբար էժան էլեկտրաէներգիա, և մենք էլ՝ շարքային քաղաքացիներս, էներգիայի սակագնի հետ կապված խնդիրներ չէինք ունենա:
P.S. Լավ, ասենք՝ սրանք ռուս են, չեն հասկանում, բա դուք հայ մարդիկ եք, ժողովրդի շահի մասին մտածելու համար եք դրված ձեր տեղերում, դուք ինչո՞ւ սրանց «խելք չսովորեցրիք», չասացիք՝ այ տղաներ ջան, մի՛ արեք, էդտեղ իզուր փող մի՛ դրեք… Ի՞նչն է պատճառը, որ դուք և ձեր տեսչություններն անընդհատ գնում եք իրադարձությունների ետևից ու մեզ անվերջ կանգնեցնում եք անելանելի վիճակների առջև, որտեղից ելքը միշտ մեկն է լինում՝ թանկացում:
«Գազպրոմը», «Ինտեռ ՌԱՕ»-ն և սրանց նման հարյուրավորները, որոնց փաստացի հանձնված է Ռուսաստանի կառավարումը, օլիգարխիկ կառույցներ են, որոնց համար կարևորը սեփական շահն ու իրենց գրպանն է: Երևութապես հանդես գալով որպես մեր դաշնակից Ռուսաստանյան ընկերություններ՝ սրանք թքած ունեն թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի, թե հայ-ռուսական հարաբերությունների, թե՛ հայ և ռուս ժողովրդների ու նրանց բարեկամության վրա: Վստահ եմ, որ սրանք իրենց նախագահ Վ. Պուտինին էլ են խաբում՝ ցույց տալով, թե իբր Հայաստանում մեծ ներդրումներ են անում: Այս ընկերություններն իրենց հայաստանյան «գռդոններով» մեծ վնաս են հասցնում հայ-ռուսական հարաբերություններին:
Հարգելինե՛րս, հետագա ասելիքս ձեզ չի ուղղված, կարող եք չընթերցել, մանավանդ որ դուք մտավորական մարդիկ եք, և այս լեզուն խորթ է ձեզ համար ու անհասկանալի:
Over P.S. Ախպերնե՛ր ջան, այ ձեր ցավը տանեմ: Բա չեք տեսնո՞ւմ, որ էս «Գազպրոմն» ու «Ինտեր ՌԱՕ»-ն ստեղ գռդոն են անում ու մեզ սաղիս դրել են էշի տեղ: Ախպեր, էդ ի՞նչ բիզնես ա, որ էրկուսով 700 միլիոն փող են ծախսել ու ոչ մի արդյունքի չեն հասել ու հեչ էլ վեջները չի: Ձեր ցավը տանեմ, ախպերներ ջան, բա չեք տեսնո՞ւմ, որ սրանք ստեղ ոնց որ թե մեծ փողեր են լվում… Այ ձեր հոգուն մատաղ, մի բան արեք, ախր սենց չի լինի: Մեղկ ա էս ժողովուրդը: