Խորհրդարանում առաջին ընթերցմամբ քննարկվեց կառավարության նախաձեռնությամբ ներկայացված «Արտոնագրային վճարների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Օրինագծով լուծում է առաջարկվում ոսկու շուկաներում առևտրական գործունեություն ծավալողների համար, որոնք խնդիրներ ունեին անցած տարի փոփոխված շրջանառության հարկի մասին օրենքում ներդրված պարտադիր փաստաթղթավորման օրենքի պահանջի հետ:
Մասնավորապես՝ տարեկան մինչև 115,0 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից ոսկու շուկաներում սեղանիկների միջոցով թանկարժեք մետաղների, դրանցից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առքուվաճառքի իրականացվող գործունեությունը համարվում է արտոնագրային վճարով հարկման ենթակա գործունեություն` վճարի մեծությունը կախվածության մեջ դնելով վաճառասեղանի ճակատային մասի գծամետրից:
Ամսական վճար է սահմանվում՝ 35000 մինչև 0.7 գծամետր տարածքի համար (Երևանի համար) և 15000՝ մինչև 0.7 գծամետր տարածքի համար (այլ վայրերում): Սահմանամերձ գյուղերում ցանկացած տնտեսական գործունեություն ազատված է հարկումից:
Օրինագիծն օրենք դառնալու դեպքում ուժի մեջ կմտնի 2015 թվականի հուլիսի 1-ից:
Ո՞րն է նախաձեռնության անհրաժեշտությունը, և ինչո՞ւ կարիք եղավ դեռ «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների՝ ուժի մեջ մտնելու լուծումներ գտնել փոքր և միջին բիզնեսի առանձին ոլորտի համար:
Հիշեցնեմ, որ համաձայն «Շրջանառության հարկի մասին» օրենքի վերջին փոփոխությունների, որն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից, առևտրական գործունեությունից եկամուտները կգանձվեն 5% դրույքաչափով: Փաստաթղթավորված գործարքների համար սահմանվել է նվազեցման մեխանիզմ այդ գործարքների հանրագումարի 4%-ի չափով: Այսինքն՝ ներդրվեց որքան փաստտաթուղթ, այնքան քիչ հարկ սկզբունքը:
Նախագծի մշակման հիմքում ոսկու շուկաներում առևտրային գործունեություն իրականացնող տնտեսվարողների շրջանում իրականացված հարցումներն ու ուսումնասիրություններն են:
Պարզվել է, որ ոլորտի հայտնի առանձնահատկությունները դժվարեցնում են փաստաթղթավորված ծախսերի հաշվառմամբ շրջանառությունների հարկման կազմակերպումը: Հարկերի վճարումը հաճախ իրականացվում է շրջանառությանը ոչ համարժեք, հարկային տեսուչներն ըստ իրադրության կարող են գործ ունենալ թե՛ ԱԻՎ կազմակերպչի, թե՛ հաշվապահությունը փաստացի վարողի, թե՛ սեղանիկը շահագործող ԱՁ-ի հետ:
Եթե շրջանառության հարկի մասին օրենքի փոփոխություններից հետո այս ոլորտը շարունակվի հարկվել շրջանառության հարկով, և հարկային մարմինները հետևողական լինեն իրական շրջանառությունների արտացոլման հարցում, ապա ծախսերի և հումքի փաստաթղթերի ձեռքբերման բարդությունների պատճառով հարկի դրույքաչափն ընդհուպ կմոտենա 5%-ի, որի պարագայում համատարած ՀԴՄ կիրառման պահանջի հետևողական վերահսկումը կառաջացնի դժգոհություն, և կունենանք փաստացի հարկի դրույքաչափի բարձրացում, կամ տնտեսվարողը կփորձի պայմանավորվածության եզրեր գտնել իրավասու անձանց հետ: Այսինքն՝ պարարտ հող կստեղծվի կոռուպցիոն դրսևորումների և կրկին իրական շրջանառության թերհայտարագրման համար:
Արտոնագրային վճարի չափի հաշվարկման հիմքում իրականացված ուսումնասիրություններն են, ըստ որի՝ տնտեսական ակտիվության ներկա փուլում իրատեսական է տնտեսավարող սուբյեկտի ամսական 700,000-3,500,000 դրամ միջակայքը, համապատասխանաբար՝ արտոնագրային վճարն առաջարկվում է առավելագույնը 35000 դրամ (700,000*5%=35,000, 3,500,000*1%=35,000): Արդյունքում տնտեսվարողը, վճարելով սահմանված հաստատուն գումարը, զերծ կմնա տեսուչների հետ շփումներից, հնարավոր տույժ-տուգանքներից, ավելորդ հարկային վարչարարությունից:
Ընդհանուր առմամբ ողջունելի է ոսկեգործության ոլորտին օժանդակելու նախաձեռնությունը: Թվում է՝ փոքր բիզնեսի այդ խմբի համար լուծում գտնվեց: Բայց խնդիրը տեսնում եմ այլ տեղ: Անցյալ տարի կառավարությունը հայտարարեց նոր կուրս՝ երկրում պետք է լինի պարտադիր փաստաթղթավորում փաստաթղթավորման բոլոր փուլերում: Պետք է արձանագրենք, որ փաստացի չլուծվեց այն խնդիրը, թե որտեղից և ինչու չկա փաստաթուղթ: Առանձին ոլորտային բացառությունը կարող է նախադեպ հանդիսանալ այլ ոլորտներում առևտրային գործունեություն իրականացնողների համար, ինչն էլ կասկածի տակ է դնում «Շրջանառության հարկի մասին» օրենքի կենսունակությունը: