Երբ մենք չենք հասկանում, թե ինչի դեմ ենք պայքարում, ամեն անգամ ուղղակի պայքարելիս կայֆ ստանալով, հենց կայֆ, մեր պայքարը երբեք հաջողությամբ ավարտվել չի կարող: Օրինակ՝ հոսանքի սակագնի բարձրացման հետ կապված մարդիկ կան, որ պայքարում են ՀԷՑ տնօրեն Ժենյա Բիբինի դեմ, քանի որ նախ ինքը ռուս է, հետո էլ չի բարեհաճում ժամանել այնտեղ, որտեղ իրեն հրավիրում են: Մինչդեռ, եթե այստեղ խնդիր էլ կա, ապա այն ոչ թե մենք, այլ Ժենյա Բիբինն ունի` անձնական բարեկրթության հետ կապված: Ենթադրենք՝ գալիս էր, հոսանքի սակագինը չէ՞ր բարձրանալու։ Այս հարցում պայքարողների մի խումբ էլ պայքարում է հոսանքի սակագնի բարձրացումը թույլ չտալու համար՝ հատը նվազագույնը 55 դրամանոց ձվեր նետելով ՀԾԿՀ շենքի ուղղությամբ, մոռանալով, որ այնտեղ նստած մարդիկ կասեն, թե ախպեր ջան, եթե քեզ կարողանում ես թույլ տալ էդքան ձու առնել և նետել շենքի վրա, ուրեմն հաստատ յոթ դրամանոց թանկացմանը կդիմանաս: Այդուհանդերձ, այս խմբի պայքարի թիրախն անհամեմատ ավելի ճիշտ ուղղության վրա է, քանի որ հոսանքի սակագնի բարձրացումը մեր խնդիրն է՝ ի տարբերություն Ժենյա Բիբինի բարեկրթության:
Բայց չկա պայքարողների մի այնպիսի խումբ, որը կպահանջի բարձրացնել հասարակության կենսամակարդակն այնքան, որ նրան հոսանքի գնի բարձրացումը չանհանգստացնի: Իհարկե, սա պայքարի վերացական թիրախ է և պահանջում է հարատև պայքար, գուցե ձվերն էլ չբավականացնեն, բայց եթե մենք ուզում ենք՝ ինչ-որ բան փոխվի, և եթե չի փոխվում, ապա միակ ճանապարհը սա է: Ենթադրենք՝ ՀԾԿՀ-ից հայտարարեն, որ փոշմանել են, ու հոսանքի գինը մնում է նույնը, ի՞նչ եք կարծում՝ վաղը նույն ձվի գինը չե՞ն բարձրացնելու....
Ի դեպ, լավ միտք է, հանրային բողոքները սսկացնելու համար կարելի է բարձրացնել ձվի, պոմիդորի և անգամ կարտոֆիլի գները, չնայած կարտոֆիլանետման արդյունքում հնարավոր են ծանր մարմնական վնասվածքներ, իսկ դա արդեն այլ պատմություն է...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovik.afyan/posts/970403329666158?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել