Մի քանի տարի առաջ, երբ ուսանող էի, թեզ էի գրում նեյմինգի մասին ու այդ ընթացքում ահագին ապրանքներ ու բրենդներ ուսումնասիրեցի, ու մի հետաքրքիր բացահայտում եղավ, որ, ասենք, ասպիրինը դեղ չի, այլ դեղ արտադրող ա, կամ ունիտազը, որն ունիտազ չի, այլ ընկերության անունն է, որն «ունիտազ» է արտադրում։

Կից մի քանի ապրանքներ, որոնք տարածված են նաև (կամ հիմնականում) Հայաստանում կամ հայախոս սպառողների մոտ։ Ու մենք, մեզնից անկախ, գովազդում ենք կամ խոսում ենք ոչ թե ապրանքատեսակի մասին, այլ անմիջապես խոսում ենք արտադրողի ընկերության մասին։ Անդրադառնանք մի քանի ընկերության, ում արտադրած ապրանքն ու անունը միաձուլվել են և սպառողի մոտ ասոցացվում են միմյանց հետ։

Xerox – այս տերմինով ենք մենք անվանում փաստաթղթերի կրկնօրինակումը, որի հայերեն «պատճենահանում» տարբերակը ոչ բոլորիս սրտով է: Իրականում, մենք գովազդում ենք մի ընկերության, որ 1949թ. արտադրել է աշխարհում առաջին պատճենահանող սարքը և շատ արագ դարձել ոլորտի համաշխարհային առաջատարը: Հենց դրա համար շատ երկրներում պատճենահանումը նախ լեքսիկոն է մտել «քսերոքս» անվանումով, իսկ ապա նոր թարգմանվել և հարմարեցվել: Աշխարհում կա ընդամենը մեկ երկիր, որտեղ պատճենահանումն անվանում են այլ կերպ. բանն այն է, որ Մոնղոլիայում առաջինը հայտնվել է Canon-ը, և այնտեղ պատճենահանումն անվանում են «կանոն»:

Baxi – ջրատաքացուցիչներն անկախությունից հետո բավականին արագ տարածում գտան ցրտաշունչ Հայաստանում, ավելի արագ, քան մարդիկ կհասցնեին հայկական կյանքում այս նոր երևույթին բարբառային անուն հորինել: Անգլիական Baxi-ն օգտվեց դրանից և մուտք գործեց ոչ միայն մարդկանց տներ, այլև լեքսիկոն՝ իր ապրանքանիշի անունը դարձնելով բոլոր տեսակի ջրատաքացուցիչներն արտահայտող տերմին:

Pampers – մանկական տակաշորերի արտադրության համաշխարհային առաջատար Pampers ապրանքանիշը Հայաստանում ևս առանձնապես մրցակիցներ չունեցավ և սկսվեց ընկալվել որպես «տակաշոր» բառի կենցաղային հոմանիշը: Պամպերս բառը տակաշորի հետ է ասոցացվում ոչ միայն Հայաստանում, այլև ԱՊՀ և արաբական մի շարք երկրներում:

Վիվառո – 2000-ականների սկզբին «Վիվառոն» առաջիններից էր, որ հայաստանցիներին հնարավորություն ընձեռեց խաղադրույքներ կատարել մարզական իրադարձությունների վրա: Այդ օրվանից Հայաստանում մի շարք հայկական ու արտասահմանյան բուքմեյքերական ընկերություններ են բացվել, սակայն մինչև հիմա դրանք մուտք գործելիս մարդկանց թվում է, որ իրենք Վիվառո են մտել: Որպես հայկական ապրանքանիշ կարող ենք ցանկին ավելացնել նաև Ջերմուկը, սակայն Բջնիի և Դիլիջանի հետ մրցակցելով՝ այժմ հանքային ջրերից հիմնականում յուրաքանչյուրին կոչում են իր անունով։

Jacuzzi – 1956թ. Իտալիայից ԱՄՆ ներգաղթած Ջակուզի ընտանիքի զավակներից Կանդիդոն կատարեց մի հայտնագործություն, որն իրենց բարեհնչյուն ազգանունը տարածեց ամբողջ աշխարհով մեկ: Այսօր աշխարհի բազմաթիվ երկրներում բոլոր ջրամերսող լոգարաններն անվանում են հենց «ջակուզի»՝ չկասկածելով նույնիսկ, որ դա հասարակ իտալական ազգանուն է:

Եթե էլի տարբերակներ հիշեմ, կավելացնեմ, ինչպես նաև դուք կարող եք մեկնաբանություններ բաժնում ավելացնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել