Ամառային անմոռանալի հանգիստ, հագեցած առօրյա և օգտակար աշխատանք. այս ամենը համատեղվում է Վիքիճամբարում, որն «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի ու «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության նախաձեռնությամբ հայերեն Վիքիպեդիայի զարգացմանն ուղղված ծրագրերից մեկն է։ Այս նախագիծն իրականացվում է ամեն տարի՝ ամռանն ու ձմռանը։

«Հիմնական նպատակն է զարգացնել հայերեն Վիքիպեդիան ՀՀ մայրաքաղաքի ու մարզերի տարբեր դպրոցների աշակերտների և բուհերի ուսանողների միջոցով՝ միաժամանակ ապահովելով նրանց ակտիվ հանգիստը»,- BlogNews.am-ի հետ զրույցում ասաց «Վիքի» ծրագրերի պատասխանատու Արսեն Հարությունյանը։

Նախորդ տարի ամռանը Վանաձորի «Ծիծեռնակ» ճամբարում հանգստացողներն աննախադեպ արդյունք են գրանցել։ 14-20 տարեկան մասնակիցները ստեղծել են 2100-ից ավելի հոդված, և այդ նախագիծը ճանաչվել է լավագույնն աշխարհի «Վիքինախագծերի» շրջանում։

Առաջին ճամբարի մասնակիցներից ամենաակտիվ 20-ը մասնակցել են նաև օգոստոսին կայացած երկրորդ հերթափոխին, որի ժամանակ գրվել է ավելի քան 4000 հոդված։

Երեխաները, սակայն, ժամանակը չեն անցկացնում միայն համակարգիչների առաջ։ Նրանց համար կազմակերպվում է ակտիվ հանգիստ՝ հնարավորություն ունեն խաղալ տարբեր խաղեր։ «Ունենք վոլեյբոլի և ֆուտբոլի խաղահրապարակներ, սեղանի թենիս, ակտիվ հանգստի տարբեր միջոցներ, որոնք նրանց ստիմուլ են տալիս հաջորդ օրն ավելի առույգ ու պատրաստ լինել»,- նշեց Արսեն Հարությունյանը։ 

Վիկիճամբարներին մասնակցել է նաև 50 սիրիահայ երեխա։ Վիքիճամբարի անվճար ուղեգիր ստանում են այն երեխաները, ովքեր ավելի մեծ ծավալի ու լավ որակի խմբագրումներ են արել։ «Այն մասնակիցները, ովքեր չեն խմբագրել Վիքիպեդիայում, կարող են վճարովի մասնակցել Վիքիճամբարներին և ճամբարում սովորել խմբագրման կանոնները։ Նրանց օգնում են փորձառու խմբագիրները»,- հայտնեց «Վիքի» ծրագրերի պատասխանատուն։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել