ԱՄՆ Պետդեպի նախկին հատուկ խորհրդական, ԽՍՀՄ հարցերում մասնագիտացած ամերիկացի հեղինակավոր վերլուծաբան, ներկայումս Վաշինգտոնի համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր, սյունակագիր Փոլ Գոբլը մտահոգություն է հայտնել, որ ռուս-ադրբեջանական մերձեցման արդյունքում չի բացառում, որ Ռուսաստանն Արցախը սկուտեղի վրա նվիրի Ադրբեջանին։
Բայց մի վայրկյան, մի պահ եկեք չտրվենք էմոցիաներին և թարմացնենք հիշողություններս։ Այս մարդը նույն այն Գոբլն է, ում առաջարկած պլանը ենթադրում էր, որ Հայաստանն Ադրբեջանին հանձնի Մեղրին ու փոխարենը ստանա Ղարաբաղը։ Գոբլը ներկայացնում է նույն այն ԱՄՆ-ը, որի ՄԽ համանախագահը թվիթերում օրը մեջ հայտարարում է, որ Հայաստանը պետք է Ադրբեջանին վերադարձնի 7 շրջանները, իսկ Արցախի համար պետք է լինի անցումնային կարգավիճակ, ու նույն այն ԱՄՆ-ի ներկայացուցիչն է, որի՝ Բաքվի դեսպանը հայտարարում է, որ Ադրբեջանը պետք է շրջահայաց լինի իր քաղաքականության մեջ ու չփչացնի հարաբերություններն Արևմուտքի հետ, հակառակ դեպքում կկորցնի հարցի ադրբեջանանպաստ լուծման հնարավորությունը և կմնա միայնակ Ռուսաստանի ու Հայաստանի դեմ, այսինքն՝ փաստացի արձանագրում է, որ բանակցային գործընթացում հենց Ադրբեջանն է, որ ստանում է Արևմուտքի աջակցությունը, իսկ Ռուսաստանը զբաղեցնում է ավելի հայամետ դիրքորոշում։
Եվ այքանից հետո կոկորդիլոսի արցունքներ թափելն ու Արցախի ապագայով մտահոգված լինելու պատրանք ստեղծելու փորձերը, այն էլ այս աստիճան պարզունակ մեթոդները, պարզապես անարգական է մեր հանդեպ, քանզի ստացվում է, որ ըստ Գոբլի՝ հայերն ինչ-որ ծառերից նոր իջած վայրենիներ են, ովքեր չեն հասկանում, որ սա զուտ Ռուսաստանին դեմոնիզացնելու համար արված դեմագոգիկ հայտարարություն է։