Սա պարզապես պրոզայիկ հարց չէ, որ հուզում է ինձ, ու առավել ևս հենց այնպես չէ, որ հետաքրքրված եմ դրանով։ Գիտենք, որ այսօրվա դրությամբ ՀԷՑ-ը պարզապես թաղվել է պարտքերի մեջ, ու եթե ինչ-որ շրջադարձային բան չլինի, որը կտրուկ կավելացնի ՀԷՑ-ի հասույթն ու մաքուր շահույթը, ապա ընկերությունը սնանկ կճանաչվի։
Գիտենք, որ այդ շրջադարձային քայլը փորձում են կյանքի կոչել՝ թանկացնելով էլեկտրաէներգիայի սակագինը, բայց դեռ պարզ չէ, թե ինչ եզրահանգում կունենա այդ հանցավոր նախաձեռնությունը։ Կա հավանականություն, որ հասունացող սոցիալական բունտից վախենալով, այնուամենայնիվ, հետ կանգնեն դրանից։ Եթե հոսանքը չթանկանա, ապա ՀԷՑ-ի միակ փրկությունը կլինի, որ դրա պարտքերը մարի մայր ընկերությունը՝ ի դեմս Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ-ի, ինչը, սակայն, քիչ հավանական եմ համարում։
Միևնույն ժամանակ արդեն հնչում են առաջին բարձր ահազանգերը, որոնք վկայում են ՀԷՑ-ի մոտակա տապալման մասին։ Այդպիսի մի ահազանգ էր Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի կողմից ՀԷՑ-ին դատի տալը միջազգային արբիտրաժային դատարանում։ Բանկը պահանջում է, որ ՀԷՑ-ը ժամանակից շուտ մարի դեռ 2009 թվականին վերցված վարկը, քանի որ կա մեծ հավանականություն, որ ընկերությունը սնանկ կճանաչվի։
Այսքանով հանդերձ, ինչ-որ տեղ ՀԷՑ-ի սնանկ դառնալը կարող է մեր շահերից բխել, պայմանով, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ եզակի դեպք կգրանցվի, ու իշխանություններն ազգանվեր քայլ կանեն և առանց փող ուտելու ու ատկատների կպետականացնեն ՀԷՑ-ը նույն այն սկզբունքով, ինչպես այն ժամանակին սեփականաշնորհվեց՝ «Գույք պարտքի դիմաց» հանցավոր սկզբունքով։ Եթե դա արվի, ու եթե ընկերությունն արդյունավետ կառավարվի, ապա ընդամենը մի քանի տարում բոլոր ծախսերը կկոմպենսացվեն, քանզի բոլորս էլ գիտենք, որ ՀԷՑ-ն ամենաեկամտաբեր ձեռնարկություններից մեկն է մեր երկրում, որի ծառայությունները մշտապես պահանջված են լինելու ու իրացման խնդրի առջև չեն լինելու։ Պարզապես պետք է ճիշտ տնօրինել այդ հսկայական ընկերությունը, իսկ ստացված եկամուտները ծառայեցնել դրա զարգացմանն ու ազգային շահերին...
Բայց դե, ինչպես գիտենք, սա Հայաստանն է և վերջ, ու այս գեղեցիկ հեքիաթը, համենայն դեպս մոտավոր ապագայում, այդպես էլ մնա հեքիաթ...