Հայկական հեռուստատեսությունը բազմաթիվ թերություններ ու բացթողումներ ունի, բայց այսօրվա դրությամբ կարելի է արձանագրել, որ մեր հեռուստաեթերն իր առավելություններն ու դրական կողմերն էլ ունի, և ես վստահ եմ, որ այդ «առավելություններից» մեկը հենց Նազենի Հովհաննիսյանն է։ Ես կարծում եմ, որ Նազենին հայկական հեռուստաեթերի ամենալավ հաղորդավարուհին է, և ահա 6 պատճառ, թե ինչու եմ ես այդպես համարում։ 

1. Գեղեցկություն

Սա, թերևս, Նազենիի ամենուժեղ կողմերից է առհասարակ, բայց ամենաքիչ նշանակություն ունեցողն է ներկայացվելիք 6 կետերում։ Այդուհանդերձ, չենք կարող ուրանալ այն, որ Նազենի Հովհաննիսյանի էկզոտիկ գեղեցկությունը և մշտապես կոկիկ ու խնամված արտաքին տեսքն իրենց դերակատարությունն ունեն նրան դրականորեն ընկալելու հարցում։ Դիտելով Նազենիի հաղորդումները, ի թիվս այլ բաների, մշտապես ուշադրությունդ գրավում է նրա արտաքինը և, կարելի է ասել, էսթետիկական հաճույք է պատճառում՝ անկախ հաղորդումից ու քննարկվող թեմայից։

2. Պատրաստվածություն ու/կամ պրոֆեսիոնալիզմ

Նազենին մեր հեռուստաեթերի ամենապատրաստված հաղորդավարներից է, և ամեն հաղորդման մեջ մենք ականատես ենք լինում, թե որքան շատ են նրա մոտ հաղորդավարուհու համար անհրաժեշտ բոլոր որակները՝ դիկցա, կեցվածք, արտաքին տեսք, թեմայի տիրապետում, հաղորդման մոդերացիա և կառավարում։ Այս ամենը այլ կերպ կոչվում է պրոֆեսիոնալիզմ, և շնորհիվ այդ պրոֆեսիոնալիզմի՝ Նազենիի հաղորդումները դյուրամարս են, կանոնակարգված ու բարձրակարգ՝ ոչ միայն հայկական հեռուսաեթերի մասշտաբով։

3. Մակարդակ ու բազմակողմանի զարգացվածություն

Բացի մասնագիտական հմտություններից ու պրոֆեսիոնալիզմից, Նազենին նաև դրսևորում է մակարդակ ու բազմակողմանի զարգացվածություն, ինչի շնորհիվ նրա կերպարն ավելի պատկառելի ու հաճելի է դառնում հեռուստադիտողի համար։ Օրինակ, ոչ մեկի մտքով չի անցնի Նազենիից վուլգարություն ակնկալել, ոչ ոք չի պատկերացնի նրան ինչ-որ քյաբաբային երեկույթի մասնակցելիս փարվանայակերպ վայրում։ Ինտելեկտը Նազենիին գեղեցկացնում է ոչ պակաս, քան նրա տպավորիչ արտաքին տվյալները։

4. Աշխատասիրություն

Նախորդ երկու կետերը չէին լինի, եթե չլիներ նաև Նազենիի ֆանտաստիկ աշխատասիրությունը։ Համեմատեք Նազենիին 10 տարի առաջ և հիմա ու կտեսնեք՝ ինչքան բաներ է նա հղկել իր մեջ՝ սկսած բանավոր խոսքից, վերջացրած եթերային կեցվածքով։ Այսօր նրա ցանկացած բառի ու շարժման ետևում կարելի է նշմարել տարիների տքնաջան ու համառ աշխատանք, որի պտուղները վայելում ենք բոլորս։ 

5. Աճ և զարգացում

... և ի հավելումն նախորդ կետի՝ գալիս է մասնագիտական ու անձնային աճի գործոնը։ Տարիներ շարունակ մշտապես աշխատելով իր վրա՝ Նազենին հասել է լուրջ մասնագիտական և անձնական աճի, ինչը, բացի նրանից, որ բարձրացնում է նրա եթերային կերպարի որակը, նաև թույլ չի տալիս, որ այն դառնա միապաղաղ, անփոփոխ ու ձանձրալի։ Վստահ եմ, որ այսքանով Նազենիի աճը չի սահմանափակվելու, ու նա շարունակելու է զարմացնել և տպավորել հեռուստադիտողին։

6. Խարիզմա

Ու վերջապես 6-րդ և, թերևս, ամենակարևոր կետը. Նազենի Հովհաննիսյանը բացառիկ խարիզմա ունի, որը գալիս է լրացնելու բոլոր վերոնշյալ առավելությունները և որպես վերջնական արդյունք ստեղծում է այն եթերային Նազենի Հովհաննիսյանին, ով վարում է ամենառեյթինգային հաղորդումները, մշտապես դրական ընկալում ձևավորում իր շուրջ և ունի երկրպագուների ու պարզապես հիացողների ամենատպավորիչ բանակը հայկական հեռուստատեսության բոլոր ներկայացուցիչների շրջանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել