(Նախաբան)
Այսօր արդեն կարող եմ համարձակ բարձրաձայնել այն ամենը, ինչ երկար ու ձիգ ինը ամիսներ կուտակվել է իմ հոգում… Գիտեմ, որ հիմա արդեն ի զորու ես լսել ու հասկանալ այս մենախոսությունն ամբողջապես…
2012 թվական... Մարտի 27-ի սովորական օրը հետզհետե վերածվում էր առեղծվածայինի, ու երեկոյան սպասումի մի քանի վայրկյաններն ուղղակի այն վերածեցին հավերժության…
(Արարում)
…Ես միշտ էի երազում, որ Դու հայտնվես իմ կյանքում այն ժամանակ, երբ հոգով, մտքով ու գիտակցաբար ընդառաջ կգամ Քեզ դիմավորելու. չէ՞ որ Դու նոր մի Կյանք ես, կյանք, որին պետք է նվիրվել անմնացորդ, առանց նախապայմանների, առանց ԲԱՅՑ և ԿԱՄ-երի, Կյանք, որը պետք է ամփոփի անցյալս ու սկիզբ դնի նոր մի Պատմության… Ես ընդառաջ էի եկել այդ Պատմությանը, սակայն չէի պատկերացնում, որ այդչափ դժվար է բացահայտել Քո ներկայությունն այդ Պատմության մեջ. չէի մտածել, որ երեք վայրկյանում սիրտս 33 զարկ կարող է զարկել, և որ մեկ հատիկ կարմիր գծիկը կարող է ստիպել երկար ժամանակ չտարբերել շփոթմունքն ու երջանկությունը, ստիպել, որ դողացող ձեռքերիս մեջ առնեմ կորցրած գլուխս ու ողջ կյանքս տեսաերիզի նման փաթաթեմ ուղեղիս գալարներում ու դեմ առ դեմ կանգնեմ իմ Նոր Պատմության Հերոսի առաջ…
Դու եկար, իմ Նոր Պատմություն… Ուզում եմ իմանաս, որ անունդ արդեն իսկ Պատմություն է՝ Մեծ Սիրո Պատմություն… Իսկ Դու... Դու՝ այդ Սիրո Առաջին, Մեծ ու Քաղցր Պտուղը…
…2012-ի մարտի 27-ի երեկոն դարձավ իմ նոր Կյանքի սկիզբը… Ես պատրաստ էի դուրս գալ փողոց ու պարզապես աղաղակել իմ գտնված երազի ավետիսը… սակայն այդ մասին առաջինը հայտնեցի այն մարդուն, ում առաջինն եմ ճանաչել կյանքում. այն էակին, ում կյանքի պատմությանը 25 տարի առաջ ես եմ նոր ընթացք տվել, ինչպես Դու այդ արեցիր այսօր… Հաջորդը պետք է լիներ Նա, ով կերտեց իմ Սիրո Պատմությունն ու նվիրեց ինձ այս Նոր կյանքը… Դու վաղուց արդեն ճանաչում ես նրան, իմ փոքրիկ հրաշք… Ես հավատում եմ, որ դու էլ իմ աչքերով ընկալեցիր Նրա այն անմոռանալի հայացքը, որի մեջ ամփոփվել էին սպասումի, երջանկության, շփոթության արտացոլումը՝ Նրա հազվադեպ արցունքները… Համոզված եմ, որ գիտակցեցիր Քո սպասված ու սիրված լինելը…
Մենք այլևս մենք չէինք… Մենք դարձանք Սիրո Եռանկյունի, իրական ընտանիք… Այդուհետ ապրում ենք ոչ միայն միմյանց, այլև Քեզ համար: Մեծացավ, բազմապատկվեց պատասխանատվությունը: Հստակ քայլերով սկսեցինք մեր ճանապարհը, որի հիմքը հոգատարությունն էր… Հիշո՞ւմ ես մեր առաջին այցելությունը բժշկին… Հուզված ու դողացող քայլերով մոտեցա ուլտրաձայնային հետազոտության մեքենային: Շունչս պահած սպասում էի բժշկուհու արձագանքին… ի պատասխան լսեցի քո փոքրիկ սրտի զարկերը… Աստված իմ, դու նույնիսկ մի քանի գրամ էլ չկաս, բայց դու կենդանի էակ ես.. Ես այլևս ես չեմ, ես դարձել եմ Մենք… Դու փոխել ես մեր աշխարհայացքը, դարձել ես մեր կյանքի կենտրոնը…
(Ընթացք)
Ամեն օրս սկսվում ու ավարտվում է քեզանով… Արդեն մի քանի ամիս է, ինչ ես ֆիզիկապես շատ տկար եմ, սակայն ինձ ուժ է տալիս շուտով քո առաջին «քայլերը» ապրելու սպասումը… Դու երկար սպասեցնել չես տալիս… Ես երջանկությունից կրկին կորցնում եմ ինձ, իսկ հայրիկդ ուղղակի վախենում է: Ծիծաղելի է չէ՞… Դու ևս զարմացել էիր: Չէ՞ որ մենք երկար էինք սպասել այդ հանդիպմանը… Հետո սկսում են սպասել ու հետևել քո փոքրիկ ու փխրուն վերջույթների շարժումներին, որոնք ամեն անգամ ավելի ու ավելի են երջանկացնում ու զարմացնում մեզ… ժամանակն ուղղակի վազում է, դու մեծանում ես, մենք ապրում ենք սպասումի ու երջանկության միաձուլումը: Ամեն օր խորհում ենք քո մասին, կառուցում քո անկյունը, ընտրում քո շորիկները, քննարկում քեզ լավ մարդ մեծացնելու կարևորագույն հարցը… Մենք ապրում ենք քեզանով… Ամեն ամիս պարտաճանաչ գնում ենք հետազոտության, շաբաթական սանդղակով հետևում քո առաջընթացներին: Բժշկուհին ամեն անգամ ասում է, որ դու զարգանում ես համաչափ, որ դու գեղեցիկ ես: Իսկ դու թաքցնում ես քո սեռը: Ես չեմ տխրում, որովհետև գիտեմ, որ եթե Աստված կամենա, կբացահայտենք՝ ով ես դու. մեր սիրո թագավորության Արքայազն ես, թե Արքայադուստրը…
Բարդություններն արդեն անցյալում են. ես սիրում ու վայելում եմ իմ այս վիճակը: Մենք հաճախում ենք Մայրության Դպրոց, միասին առնում ենք առաջին դասերը: Ես զգում եմ, թե ինչքան հաճելի է քեզ այնտեղ: Դու ունես նոր մորաքույրներ, ովքեր անկեղծ շատ են սիրում ու սրտի թրթիռով սպասում են քեզ…
Դու այսօր 7 ամսական ես, իմ գանձ: Հայրիկդ անհամբեր սպասում է հերթական հետազոտության արդյունքներին… Դու կրկին ուզում ես անակնկալ անել, սակայն արձագանքում ես մայրիկի թախանձանքին… Հայրիկը մեր կողքին չէ, ու մենք որոշում ենք կայացնում առաջինը հենց նրան հայտնել, որ Դու իր ՄԻԼԼԱ-ն ես, իր Արքայադուստրը… Մենք պարզապես վայելում ենք քեզ, մեր փոքրիկ փերի… Այդ երեկոն նվիրում ենք քեզ: Հաճելի ընթրիք, բոցավառ վարդեր, անմնացորդ Սեր…
Մեր առօրյայում հաճելի եռուզեռ է: Պատրաստվում ենք մեր Արքայադստեր գալուստին… Դու երբեմն հոգնում ես վազվզոցից, բայց զգում եմ՝ ոնց ես երջանիկ արձագանքում ամեն դժվարին ու գեղեցիկ ընտրության: Դու արձագանքում ես իմ ամեն զգացումին, իմ ամեն շարժմանը… Ես այլևս չեմ պատկերացնում ինձ առանց քո հարվածների… Ամեն անգամ մահճակալիդ մոտ հայտնվելով՝ ես ու հայրիկդ պատկերացնում ենք քեզ այնտեղ՝ կապուտաչյա, ոսկե գանգուրներով, գեղեցիկ ժպիտով մեզ սպասելիս… Ամեն անգամ դողացող ձեռքերով գրկում ենք հատուկ քո գալստյան համար գնված շորիկն ու շնորհակալություն հայտնում Աստծուն, որ շուտով կրելու ես այն… Մենք սիրում ենք քեզ… Դու ևս վաղուց գիտես, որ այս արտահայտությունը մեր փոքրիկ ընտանիքում իրական ու մեծ արժեք ունի, ուստի դու էլ ինձ պես ամեն անգամ այն լսելիս երջանիկ ժպտում ես… Որովհետև դու ինքդ Սեր ես, Մեծ Սիրո պտուղ…
Դու անհանգիստ ես: Գիտեմ, իմ հրաշք, քո համբերությունն էլ արդեն տեղի է տալիս: Մի քանի հատիկ 24 ժամեր, և Դու այլևս կապրես ոչ իմ կրծքի տակ, այլ իմ ջերմ գրկում…
(Սպասվելիք ներկա)
…Մայրիկին տանում են վիրահատարան: Դու մի վախեցիր. ճանապարհին ամփոփում եմ այս երկար ու ձիգ ինը ամիսների ապրումները, ձեռքբերումներն ու բացթողումները: Ամեն ինչ չէ, որ հարթ է անցել: Զղջում եմ այն բոլոր տհաճ ու դժվարին պահերի համար, որ ստիպված ես եղել ապրել ինձ հետ: Ներում եմ աղերսում քեզ պատճառած բոլոր անհանգստությունների համար, երբեմն ուժեղ չլինելուս համար… Ներիր ինձ, իմ Փոքրիկ Թագուհի, սովորիր ներել ու մոռանալ… Պարզապես ներիր և ուժեղ ու քաջ եղիր… Չվախենաս, որովհետև մենք գիտենք, որ Աստված արդեն իր պահապան հրեշտակներին կարգել է մեզ հսկել-պաշտպանելու համար… Մենք դեռ երկար ենք ապրելու երջանիկ Ընտանիքում… Մայրիկը քեզ հետ է՝ արթուն, գիտակից… Մարմնիս ամենափոքր մասնիկն անգամ սպասում է քո առաջին ճիչին…
…Տեր, շնորհակալ եմ Քեզ, որ պարգևել ես ինձ այս կյանքը, որում շնորհ ես արել ապրել այս երանելի ակնթարթները, շնորհակալ եմ, որ արժանացել եմ Քո կողմից Կնոջը տրված առաքելությանը՝ Մայր լինելու իրավունքին: Օրհնիր, պահիր ու պահպանիր այն ամենը, ինչ պարգևել ես ինձ… Գոհանում եմ, Հայր, իմ կյանքի Նոր Պատմությունը Կերտելու համար…
06.11.2012թ



