Գյումրիում ռուս զինծառայողի սպանությունը հերթական անգամ ջրի երես հանեց, թե ինչ անմխիիթար վիճակում են ռուսական ռազմաբազայի միջանձնային հարաբերություններն ու բարոյահոգեբանական մթնոլորտը։ Նույնիսկ երբ Պերմյակովի ոճրագործությունից հետո գրեթե ամբողջովին փոխվեց բազայի ղեկավարությունը, ու կարծես թե ավելի խստացավ ռեժիմը, կրկին նման բան է կատարվում, և դա այն պարագայում, երբ բազան պետք է լիներ ամենախիստ ուշադրության ներքո։
Իրականում սա այսբերգի գլուխն է, իսկ ջրի տակ ծածկված է այն հատվածը, որը ցույց է տալիս, թե ինչ անմխիթար վիճակում է ռուսական բանակը սերդյուկովյան «բարեփոխումների» տարիներից հետո, իսկ եթե հաշվի առնենք, որ ռուսական ռազմաբազան Հայաստանում ռազմավարական նշանակություն ունեցող կետերից է Ռուսաստանի համար, այս իրավիճակն ավելի խոսուն է դառնում։ Կարծում եմ՝ առաջիկա ամիսներին բազայում արմատական փոփոխություններ կսկսվեն ինչպես անձնակազմի, այնպես էլ հրամանատարության և բազայում կանոնադրության գործելու առումով։
Ի դեպ, մեզ՝ հայերիս համար այս իրավիճակն օգտակար է այնքանով, որ կարող ենք համեմատության եզր անցկացնել մեր բանակի հետ ու հասկանալ, թե ի հեճուկս տարբեր կարծրատիպերի՝ որքանով ենք մենք առաջ անցել նույն կարգապահության ու կանոնադրական հարաբերությունների հարցում նույն ռուսական բանակին, որն ավելի հարուստ ավանդույթներ ունի... Ի վերջո, վերջին 6-7 ամիսների ընթացքում մեր բանակը, որը մոտ 15 անգամ ավելի մեծ է, քան ռուսական ռազմաբազան, սպանությունների ու այլ ծանր զինվորական հանցագործությունների ավելի քիչ դրվագներ է ունեցել։