Բերտրան Արթուր Ուիլյամ Ռասսելը (1872-1970թթ.) անգլիացի փիլիսոփա է, մաթեմատիկոս եւ հասարակական գործիչ: Փիլիսոփայական իր հայացքներում Ռասսելը Հյումի հետեւորդն էր եւ հիմք է դրել տրամաբանական ատոմիզմի տեսությանը: Պագուոշյան շարժման* հիմնադիրներից է, ակտիվորեն համագործակցել է ժամանակի գիտական եւ հրապարակախոսական առաջատար ուժերի հետ (Ալբերտ Էյնշտեյն, Ժան-Պոլ Սարտր): 1950թ.-ին հումանիստական գաղափարների եւ մտքի ազատության պայքարում մեծ վաստակի համար արժանացել է Նոբելյան մրցանակի:
Ռասսելը իր երկերում բազմիցս անդրադարձել է կրոնի դոգմաներին եւ հավատի հարցերին: Հատկապես աղմկահարույց եւ մինչ օրս ակտիվորեն շրջանառվող նրա ստեղծագործությունը 1927թ.-ին գրված եւ իբրեւ դասախոսություն Լոնդոնի բարձրաշխարհիկ հասարակության առջեւ ներկայացված «Ինչու ես քրիստոնյա չեմ» էսսեն է, որը Նյու Յորքի Հանրային գրադարանի կողմից ներառվել է 20-րդ դարի ամենաազդեցիկ գրքերի շարքը:
Հատկանշական է, եւ ինչը զարմանալի էր նաեւ ինձ համար, որ այս էսսեն, հակաքրիստոնեական կրքեր բորբոքելով հանդերձ, այդ ժամանակ չափազանց պահպանողական Կաթոլիկ Եկեղեցու կողմից չի ներառվել արգելված գրականության ցանկում (Index librorum prohibitorum): Ես նույնպես մտադիր չեմ այժմ հերետիկոսական հռչակել եւ խարույկի հանել Ռասսելի գիրքը, այլ պարզապես իմ անհամաձայնությունը կհայտնեմ Ռասսելի գաղափարներին` հաջորդաբար վերլուծության ենթարկելով դրանք: Վերջիվերջո, չէ որ Homo sapiens-ը բազում տրամաբանորեն հիմնավորված փիլիսոփայական հայեցակարգեր է ստեղծել, որոնցից մեկն է նաեւ Ռասսելի տեսությունը, սակայն այս հայեցակարգերից եւ ոչ մեկը, արժեքավոր լինելով հանդերձ, չի կարող հավակնել բացարձակ ճշմարիտը լինելուն: Ուրեմն մենք իրավունք ունենք սկեպտիկորեն մոտենալու Ռասսելի փաստարկներին, այլ ոչ թե քաղելու դրանցից մեզ շահավետ կետերը եւ երես թեքելու քրիստոնեությունից: Մի կողմ թողնենք առայժմ նաեւ իմ սեփական հավատը, որ քրիստոնեությունն է կատարյալ իմացության աղբյուրը. ես կխոսեմ իբրեւ մի մարդ, ով քաջատեղյակ է քրիստոնեական վարդապետությանը եւ սթափ է նայում մեր օրերում քրիստոնեության` աշխարհում եւ մարդկանց կյանքում ունեցած դերակատարության հարցերին...
Անշուշտ, բնույթով հակաքրիստոնեական ոչ առաջին եւ ոչ էլ վերջին գրվածքն է սա. հարց է առաջանում` ինչո՞ւ են նման ճառերն ու աշխատությունները ցնծությամբ եւ ծափողջույններով դիմավորվում հանրության կողմից (մեր ԶԼՄ-ները եւ տպագիր մամուլը այս իրողության վառ ապացույցն են): Եթե դուք այն մարդն եք, ով Ռասսելի պես լիակատար համոզվածությամբ կարող է ասել, որ «ես քրիստոնյա չեմ», մի պահ հարց տվեք ինքներդ ձեզ` դուք հանգել եք այդ համոզմանը, որովհետեւ քրիստոնեությունը բեռի՞ է վերածվել ձեզ համար, ուզում եք ազատվե՞լ քրիստոնեության սահմանափակումներից եւ ապրել անհոգ, թե՞ կարծում եք, որ հավատը խավարամտությունից է ծնվել: Վստահաբար հասարակության մեջ ներկա է նման համոզումներ ունեցող խավը: Այս շարժման դրոշակը ծածանողներից մեկն է նաեւ Ռասսելը, որի գրվածքը այժմ մանրամասնորեն կվերլուծենք:
Ռասսելի կողմից կատարվող առաջին դիտարկումը, եւ որի հետ ես լիովին համաձայն եմ, հետեւյալն է` մարդիկ մեր օրերում չափազանց անորոշ իմաստով են կիրառում «քրիստոնյա» անվանումը: Հաճախ մարդիկ այս անվան ետեւում հասկանում են սոսկ բարեպաշտական կենցաղավարության փորձ: Սակայն քրիստոնեությունը առաջին հերթին անխախտ համոզում է: Այն ենթադրում է անբեկանելի հավատ Քրիստոսի, Նրա Ավետարանի, հավիտենական կյանքի եւ այլնի հանդեպ: Այստեղ մի նկատառում ավելացնենք, որ, ցավոք, Ռասսելը ժամանակին հանդիպել է կաթոլիկյան եւ անգլիական աստվածաբանության պահպանողական հոսանքներին, այդ իսկ պատճառով նրա բերած փաստարկներում Քրիստոնեությունը իրոք ներկայանում է իբրեւ խավարամտության եւ նախապաշարումների կծիկ, սակայն հատկապես XX դարի 60-ականներին սկիզբ առած Եկեղեցի-հասարակություն երկխոսության արդյունքում Քրիստոնեությունը անհամեմատ ներկայանալի կերպարանք ստացավ, որին այլեւս անհարիր կլինեին Ռասսելի մեղադրանքները:
Ուստի պետք չէ զարմանալ, երբ Ռասսելը մեջբերում է մինչեւ 19-20-րդ դարեր հասած դժոխային տանջանքների, աշխարհի արարման թվականի կամ այլ ժամանակավրեպ եկեղեցական պատկերացումները: Ռասսելը, ծաղրի առարկա դարձնելով այս երեւույթները, խոցոտում է Եկեղեցու խրտվիլակը, սակայն ոչնչով չի փաստարկում Քրիստոնեության բուն էության դեմ: Ռասսելից դեռ շատ առաջ` Լուսավորչականության շրջանում քրիստոնեության դեմ բերվող նման փաստարկների պակաս չէր զգացվում, սակայն դրանց սնամեջ լինելը ցույց տվեց Շլայմախերը` իր «Քրիստոնեության իսկությունը» աշխատության մեջ, որտեղ հստակ կերպով ցույց էր տալիս, որ դրանք բախվում են քրիստոնեության արտաքին դրսեւորումների կեղեւին, սակայն ներքին միջուկը անաղարտ է մնում: Ստորեւ կտեսնենք, որ Ռասսելի՝ առաջին հայացքից զավեշտալի մերկացումները իրականում չեն համապատասխանում քրիստոնեության իսկությանը:
Ռասսելը մեջտեղ է բերում Կաթոլիկ Եկեղեցու որդեգրած Թովմա Աքվինացու սխոլաստիցիզմը, որով հնարավոր էր համարվում հավատը հիմնավորել զուտ բանականությամբ եւ հերթականությամբ ջանում է հերքել Աստծու գոյության ապացույցները: Որպես ծանոթություն նշենք, որ Եկեղեցում հավատի դոգմայավորումն ինքնանպատակ չէր. վաղ Եկեղեցում հավատը ծայրահեղորեն պարզունակ էր` հավատ Քրիստոսի Հարությանը, որը դրսեւորվում էր քրիստոնյայի մկրտությամբ: Հետագա դարերում առաջացած հերձվածների եւ զանազան կրոնների, փիլիսոփայական ուսմունքների հետ շփման պատճառով կարիք առաջացավ հստակ սահմանել հավատը` կանխելու համար հավատացյալների մոլորությունը ուղղափառ դավանությունից: Սա ունեցավ նաեւ իր բացասական ազդեցությունը, եւ դրա վառ օրինակը եկեղեցական տիեզերաժողովներն են. Արեւելյան Եկեղեցիների խումբը բաժանվեց՝ ընդունելով առաջին երեք տիեզերաժողովների դոգմատիկ որոշումները, Օրթոդոքս խումբը` յոթը, իսկ Կաթոլիկ Եկեղեցին շարունակում է դոգմայավորման այս գործընթացը մինչ օրս: Ինչպես տեսնում ենք, Ընդհանրական Եկեղեցին տրոհվելով չկորցրեց իր քրիստոնեական բուն նկարագիրը. տարբեր ավանդական Եկեղեցիներում միեւնույնն են մինչ օրս Երրորդության, Քրիստոսի երկու էությունների եւ այլ հիմնարար դոգմաները, տարբերությունը միայն որոշ մասնավոր խնդիրների արտաքին ներկայացման մեջ է:
Եվ այսպես, Աստծո գոյության աստվածաբանական առաջին փաստարկը, որը կամենում է հերքել Ռասսելը` նախասկզբնական պատճառի ապացույցն է: Ռասսելը բերում է մի պատմություն հինդուսի մասին, ով հավատում էր, որ աշխարհը հաստատված է հսկայական փղի մեջքին, իսկ փիղը կանգնած է կրիայի վրա, եւ երբ նրան հարցնում են, թե ինչի վրա է կանգնած կրիան` հինդուսն ասում է. «Եկեք մեկ այլ թեմայի շուրջ խոսենք»: Այսպիսով, հարց է առաջ քաշվում` ո՞վ է ստեղծել Աստծուն: Շարունակության մեջ Ռասսելն ընդունում է, որ ցանկացած այլ բան, եթե անպատճառ լիներ` կարող էր Աստված համարվել: Հերքելով Աստծու գոյությունը` մարդիկ ակամա հայտնվում են մատերիայի աստվածացման դիրքերում` ընդունելով նրա հավերժ անպատճառությունը եւ այդ քաոսից պատահական կարգով աշխարհի ստեղծման վարկածը: Եթե պետք է ընտրություն կատարել այդ երկու անպատճառների միջեւ, քրիստոնյան, հետեւելով սթափ տրամաբանությանը, ընդունում է առաջինը, որովհետեւ, ինչպես եւ ընդունված է բազում փիլիսոփայական ուսմունքների կողմից, հավերժական Լոգոսն է, որ կազմակերպում է անկազմակերպ եւ հավերժական գոյությունից զուրկ մատերիան:
Երկրորդ հիմնավորումը, որ ցանկանում է հերքել Ռասսելը, բնազանցական ապացույցն է, որի համաձայն տիեզերական կարգավորությունը ինքնին Արարչի գոյության ապացույց է: Ռասսելը հայտնում է այն միտքը, որ Աստված, լինելով տիեզերական կարգավորության հաստատողը, ինքը եւս հայտնվում է այդ օրենքների իշխանության տակ: Բոլորիս ծանոթ են հումորային այն հարցադրումները, թե արդյոք կարո՞ղ է Աստված իր բնությանը հակառակ չարիք գործել կամ այնպիսի քար ստեղծել, որը չկարողանար բարձրացնել եւ այլն: Այս հարցի աստվածաբանական պատասխանն այն է, որ ոչ թե Տերը կամենում է մի բան պարտավորված լինելով, որովհետեւ այն բարի է, այլ հակառակը` այն, ինչ կամենում է Աստված, ինքնին բարի է համարվում. ինչպես եւ ներկայացված է Ծննդոց գրքում` Աստված արարում է եւ ապա ստեղծվածը «բարի» անվանում: Մյուս կողմից` տիեզերական կարգավորությունը մեզ առիթ է տալիս հիանալու աստվածային արարչությամբ (Աստված միշտ ներկա է արարչության մեջ - Բեռնարդ Շոու), սակայն բնության՝ մեզ հայտնի օրենքները իբրեւ Աստծո գոյության ապացույց կիրառելը մեծ գայթակղություն է, որին շատ աստվածաբաններ չեն դիմացել եւ գործի են դրել տիեզերական կարգավորության իրենց սահմանափակ ընկալումները, իսկ նրանցից հետո ի հայտ եկած քննադատները, հերքելով այդ պարզունակ դատողությունները, կարծել են, թե հերքում են Աստծո գոյությունը: XX դարասկզբին մեր տատիկները հավատում էին, որ կարկուտ տեղում է այն պատճառով, որ Միքայել հրեշտակապետը կառքով շրջում է երկնքում: Ինչ խոսք, սա հավատի դրսեւորումն է՝ ելնելով ժամանակի աշխարհի ճանաչողությունից, եւ մենք` XXI դարի մարդիկս, բնական երեւույթների մեր հիանալի իմացությամբ բնավ խանգարող պատճառ չենք տեսնում մեր հավատին, այլ ընդհակառակը ավելի ենք համոզվում տիեզերքի արարչաստեղծ լինելու մեջ: Իսկ խորհրդային կարգերի օրոք, երբ Գագարինը վերադարձավ տիեզերքից, նրան հարցրին` արդյոք երկնքում հանդիպե՞ց Աստծուն եւ ժխտական պատասխան ստանալով՝ դա իբրեւ քրիստոնեության եւս մի հերքում սեպեցին:
Ռասսելի կողմից ընդդիմության հանդիպող երրորդ կետը արարչության նպատակահարմարության եւ կատարելության ապացույցն է: Ռասսելը բնավ կատարյալ չի համարում արարչագործությունը եւ անգամ հայտարարում է, որ եթե ինքն ունենար միլիոնավոր տարիներ եւ աստվածային կարողություն, ավելի կատարյալ աշխարհ կստեղծեր: Ռասսելի կարծիքով` արեգակնային համակարգում կյանքն առաջացել է պատահական կերպով եւ անխուսափելիորեն մարելու է, ինչպես լուսնի վրա: Ընդսմին, նա կարծում է, որ հեշտությամբ կարելի է դեն նետել Արարչի գաղափարը եւ հանգիստ ապրել: Միեւնույն միտքը ես տեսնում եմ Սողոմոնի իմաստության գրքում մեջբերված անխոհեմ մարդկանց խոսքերում. «Մենք պատահաբար ենք ծնվել եւ սրանից հետո էլ չեղածների պես ենք լինելու...»: Քանի որ այստեղ ներկայացվող էպիկուրյանների հեդոնիզմը Ռասսելին նույնպես չի հետաքրքրում, ապա զարմանալի է, թե ինչ ունի առաջարկելու քրիստոնեական ընկալման փոխարեն Ռասսելը:
*Պագուոշյան շարժում - Հիմնադրվել է 1955թ.-ին` 11 աշխարհահռչակ գիտնականների կողմից, ովքեր պայքարում էին հանուն խաղաղության, համաշխարհային անվտանգության, ջերմամիջուկային ռումբի զինաթափման:
Շարունակելի...
Նյութի աղբյուր՝ http://philotheus.blogspot.com/2012/04/bertrand-russell-why-im-not-christian.html#more
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել