Այս երկու ստորգետնյա անցումները գտնվում են քաղաքի կենտրոնում, համապատասխանաբար Մաշտոցի պողոտա-Գ.Լուսավորիչ (առաջինը) և Աբովյան-Մոսկովյան խաչմերուկներում: Երկուսն էլ վերջերս նորոգվեցին, ներկվեցին, մաքրվեցին: Երկուսն էլ մնացին զրկված մանկական սայլակների, ինչպես և հաշմանդամների համար հարմարեցված տարրական հարթակներից կամ գոնե երկաթե պարզունակ շվելերներից, որոնց միջոցով երիտասարդ մայրերը և տարեց մարդիկ կարող են հաղթահարել ստորգետնյա անցումը՝ առանց ստորացուցիչ տանջանքների կամ վերգետնյա բանուկ մասով մեքենաների արանքում ինքնասպանության նման ճեղքումների: Մի՞թե միլիոնավոր դրամ ծախսված գումարներում մի փոքր մաս չգտնվեց այս անհրաժեշտ և քաղաքաշինական նորմերով պարտադիր բանի համար: Ինչպե՞ս է քաղաքապետարանը, որի շենքը երևում է Մաշտոց-Լուսավորիչ անցումի վեց մուտքերից, ընդհանրապես ընդունել նման «վերակառուցումը» շահագործման համար: Թե՞ պաշտոնյաները փոքր երեխաներ չունեն կամ ծեր ծնողներ ու հաշմանդամ ազգականներ, որոնց կենացն անպայման խմում են քեֆերին: Թե՞ նրանք բոլորն էլ միայն մեքենաներով են շրջում քաղաքով՝ թողնելով ստորգետնյա անցումները ստորացված ու անտեսված ժողովրդին: Այլ բացատրություն չեմ գտնում: Փորձեք մանկական սայլակով հասնել դեպի Ծածկած Շուկա, Սբ. Սարգիս եկեղեցի, Անգլիական զբոսայգի կամ նույն քաղաքապետարան: Պատկերացրեք, թե ինչպես պետք է այս ճանապարհը հարթի հաշմանդամն անվասայլակով... Վերգետնյա տրանսպորտը նախատեսված չէ մեր ամենափոքր ու ամենատարեց, ամենախոցելի քաղաքացիների համար: Երթուղայինները վաղուց արդեն վերածվել են մարդկանց ստորացման հոմանիշի: Այժմ էլ ստորացումն անցավ ստորգետնյա անցումներին: